Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան: Այս կիրակին Հիսուս Քրիստոսի Առաջին Գալստյան` մարդեղության հիշեցումն է:
Հաստատվեց այն ճշմարտությունը, որ Փրկչի Գալստյամբ հնարավորություն ընձեռնվեց մարդկությանը փրկության ուղով առաջնորդվել: Այս կիրակին միևնույն ժամանակ Երկրորդ Գալստյան խորհուրդն ունի:
Ավետարաններում և առաքյալների թղթերում բազում հատվածներ և անդրադարձներ կան Երկրորդ Գալստյանը նվիրված: Տերը զգուշացնում է Երկրորդ Գալստյան և նրա նախանշանների մասին.
«Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն, թե՝ ես եմ Քրիստոսը. և շատերին կմոլորեցնեն: Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր…:
Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորությունն՝ թագավորության դեմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ:
Սակայն այս ամենը սկիզբն է երկանց: …
Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եվ անօրինության շատանալուց՝ շատերի սերը պիտի ցամաքի: Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի» (Մատթ. 24: 4-13):
Այս է Գալստյան կիրակիի խորհուրդը` կոչ համբերության, բարեպաշտության, պարկեշտության, որովհետև հոգու բյուրեղացմամբ և ճշմարիտ հավատով մարդ կարող է սպասել Տիրոջ հրաշափառ Գալստյանը: Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն էլ ունեն Գալստյան անունով կիրակի: