Բաքվում «Ռուսական տուն»-ը դադարեցնում է իր գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը ( «Ռուսական տուն», Русский дом) միջոցներ է ձեռնարկում դադարեցնելու իր գործունեությունը, ասվում է ներկայացուցչության հաղորդագրության մեջ։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայությունը;

«Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահանջի կապակցությամբ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը՝ Բաքվում  «Ռուսական տուն»-ը միջոցներ է ձեռնարկում դադարեցնելու իր գործունեությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ փետրվարի 3-ին պաշտոնապես նոտա է հղել ռուսական կողմին՝ երկրում  «Ռուսական տան»  գործունեությունը դադարեցնելու մասին։

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը հայտնել էր, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել Մոսկվային՝ կոչ անելով դադարեցնել Բաքվում  «Ռուսական տան»  գործունեությունը պատշաճ գրանցման բացակայության պատճառով։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին ասել է, որ Ռուսաստանը Բաքվում  «Ռուսական տան»  փակումը համարում է թյուրիմացություն և ակնկալում է կարգավորել իրավիճակը։

«Մենք ցավում ենք դրա համար, կարծում ենք, որ սա թյուրիմացություն է, որը կարող է լուծվել երկկողմանի շփումների արդյունքում»,- ասել է նա լրագրողներին։




Լրահոս