ՃԻՇՏ Է
Նոյեմբերի 21-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է հղել Սերժ Սարգսյանին` շարադրելով ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանն ուղղված մի շարք առաջարկություններ: ՀՀԿ-ն էլ երեկ պատասխանել է, որ համաձայն է Հովհաննիսյանի հետ, բայց «անհրաժեշտ է զերծ մնալ իշխանության ստանձնած քաղաքական պարտավորությունները բացարձականացնելու փորձերից, քանզի դրանք ունեն ողջամիտ սահմաններ եւ չպետք է դառնան այլոց իրավունքները, ազատություններն ու կամարտահայտությունը սահմանափակելու կամ ոտնահարելու պատրվակ»:
ՀՐԴԵՀ
Ըստ armlur.am-ի` նոյեմբերի 24-ին` ժամը 14:06-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզում` «Ջերմուկի մայր գործարան» ՓԲԸ տարածքում գտնվող կաթսայատանը: Փրկարարները տեղում պարզել են, որ այրվում է Ռ.Հարությունյանին կցագրված «Կամազ» մակնիշի 623 ԼՏ 56 պետհամարանիշի ավտոմեքենան` խցիկն ամբողջությամբ, շարժիչի մալուխները եւ 3 անվադող:
ԴԺՎԱՐԻՆ
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, ով մտադիր է առաջադրվել նախագահական առաջիկա ընտրություններում, դժգոհել է իր ծանր եւ տհաճ աշխատանքից: Իհարկե, նա դա արել է որպես հաճոյախոսություն` կանանց ֆորումի մասնակիցների հասցեին, որին Պուտինը մասնակցել է նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: «Մեր բարդ, տհաճ աշխատանքի ժամանակ եւս հաճելի պահեր են լինում: Խոսքն այսօրվա հանդիպման մասին է»,-ըստ «Ինտերֆաքս»-ի` ասել է Պուտինը:
ՍՏՐԿԱՄԻՏ
Ջավախքցի ակտիվիստ Վահագն Չախալյանը չի կարող քաղբանտարկյալ համարվել: Երեկ այսպիսի դարակազմիկ միտք է հայտնել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՀԿ անդամ, ջավախքցի Հայկ Սանոսյանը: Նա այն օրենսդիրն է, որը Ջավախքում բիզնես ունի, շինարարություն է ծավալում, եւ գլխավորն այն է, որ վրացի իշխանությունները գոհ մնան նրանից: Հայրենակիցների քաղաքական պայքարը Սանոսյանի մտքին անհասանելի է, դրա համար էլ Չախալյանին քաղբանտարկյալ չի համարում: