
Ըստ վերջին հաշվարկների՝ Ուկրաինայի վերականգնումը կարժենա շուրջ 500 մլրդ եվրո. այս մասին Ուկրաինայի կառավարության և Եվրահանձնաժողովի համատեղ նիստում ասել է վարչապետ Դենիս Շմիգալը, գրում է rbc.ua-ն:
«Երբ խոսում ենք Ուկրաինայի վերականգնման մասին, դա նշանակում է, որ եվրոպական ընկերությունները կարող են ներդրումներ կատարել այդ ջանքերում: Վերջին գնահատականները ցույց են տալիս, որ վերականգնումը կարժենա մոտ 500 միլիարդ եվրո: Վերականգնումը կարող է magnum opus (մեծ գործարք) դառնալ Եվրոպայի համար՝ միավորելով և ամրապնդելով Ուկրաինայի և ԵՄ-ի միջև համագործակցությունը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի վերականգնումը կարժենա մոտ 700 միլիարդ դոլար։ Զելենսկին միաժամանակ նշել էր, որ վերականգնմանը կմասնակցեն Ուկրաինայի բոլոր գործընկերները, և որ նրանք պատրաստ են նման գումար հատկացնել։