
«Գենդեր» և «գենդերային նույնականություն» եզրույթները կբացառվեն Վրաստանի բոլոր գործող օրենքներից, հայտարարել է երկրի իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանք»-ը, գրում է Новости-Грузия-ն։
Նշվում է, որ «Գենդերային հավասարության մասին» օրենքը կվերանվանվի «Կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասին օրենք»:
Փոփոխությունների նախաձեռնողները «Վրացական երազանք»-ի և նրա կոալիցիոն գործընկեր «Ժողովրդի իշխանություն» կուսակցության պատգամավորներն են։
«Որոշակի ժամանակ օտարերկրյա ներկայացուցիչների ազդեցության և նրանց ակտիվ լոբբինգի ներքո վրացական օրենսդրություն նպատակաուղղված ներմուծվեց «գենդեր» արհեստական եզրույթը։ Սա յուրատեսակ արտացոլումն էր աշխարհում տեղի ունեցող գլոբալ գործընթացների, և պետության համար որոշ դեպքերում անհաղթահարելի խոչընդոտ դարձավ այս միտումի ընդդեմ սկզբունքային դիրքորոշման»,- ասված է պարզաբանման մեջ։
«Գենդերային հիմնախնդիրներ» եզրույթը կփոխարինվի «կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմնախնդիրներ», իսկ «գենդերային անհանդուրժողականությունը»՝ «կանանց և տղամարդկանց հավասարության անհանդուրժողականություն»։
«Գենդերային զգայուն» եզրույթը կփոխվի «զգայուն՝ ըստ սեռական հատկանիշների» և այլն:
Օրինագիծն արդեն ներկայացվել է խորհրդարանական հանձնաժողովների քննարկմանը։