
Կապանում կրքերը չեն հանդարտվում։
Փետրվարի 17-ին տեղի է ունեցել Կապանի տարածքային խորհրդի ընտրությունը, որի արդյունքները, ինչպես «Հրապարակ»-ն էր գրել, կեղծվել են։
Ընտրությունների արդյունքում ՔՊ-ական Նարեկ Ղահրամանյանն ու Մարինա Ղազարյանը դուրս են մնացել Կապանի խորհրդի կազմից, նրանցից ավելի շատ ձայն է հավաքել ՔՊ գրասենյակի քարտուղարուհի Սարվարդ Թումանյանը։
Տարածքային կառույցի ընտրություններին քվեարկած 77 կուսակցականներից 63 կողմ ձայն է ստացել Սարվարդը եւ զիջում է միայն ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ
ՔՊ-ական Նարեկ Բաբայանին, որն առաջատարն է՝ 69 ձայնով։
ՔՊ-ում ընտրությունների այս կեղծման պատասխանատու եւ հիմնական դերակատար համարում են Նարեկ Բաբայանին։
ArmLur.am-ը թեմայի վերաբերյալ մի քանի հարց է ուղղել Նարեկ Բաբայանին։
-Պարո՛ն Բաբայան, ինչ է տեղի ունեցել Կապանի ՔՊ խորհրդի ընտրություններում, ըստ տեղեկությունների՝ կեղծվել են, ինչի համար պատգամավորներ Նարեկ Ղահրամանյանն ու Մարինե Ղազարյանը չեն ընտրվել խորհրդի անդամ:
-Կապանի ՏԿ-ում ընտրությունները կայացել են ազատ և արդար միջավայրում: Նախընտրական քարոզարշավը նույնպես անցել է ջերմ և դրական մթնոլորտում՝ զերծ ցանկացած միջադեպերից:
-ՔՊ-ում Ձեզ համարում են ընտրակեղծարար, քանի որ խորհրդում հիմնականում անցել են ձեր մտերիմները: Որքանո՞վ է իրական այս տեղեկությունները:
-Կապանի ՏԿ-ում օտարներ չկան, բոլորը մտերիմներ են։ Մենք բոլորս նույն քաղաքական թիմից ենք և բոլորս հարգում ենք իրար։ Անկախ նրանից, թե ովքեր են ընտրվել խորհրդում, մեր վերաբերմունքը և հարգանքը մեր չընտրված գործընկերների հանդեպ չի փոխվում։ Բացի այդ, մեր չընտրված բոլոր գործընկերները շնորհավորել են ընտրված խորհրդին և պատրաստակամություն հայտնել համատեղ աշխատելու ու խնդիրները միասին լուծելու:
-Ըստ մեր տեղեկությունների՝ հնարավոր է՝ նորից ընտրություններ անցկացվեն, վերը նշվածի պատճառով, կա՞ն նման խոսակցություններ։
– Ես նման տեղեկատվություն չունեմ: