Գյումրիում եւ Փարաքարում առաջադրումների վերջին օրն է. ովքեր են համայնքապետի թեկնածուները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մարտի 5-ին, Գյումրի և Փարաքար համայնքների արտահերթ ընտրությունների առաջադրման վերջնաժամկետն է։

ՀՀ Ընտրական օրենսգրքի 128 հոդվածի, 5-րդ մասի համաձայն՝ ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերը փաստաթղթերը կարող են ներկայացնել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ՝ այսինքն մինչև մարտի 5-ը՝ ժամը 18։00-ն։ Իսկ ընտրական ցուցակների գրանցումը տեղի է ունենում 5-օրյա ժամկետում։

Նախընտրական քարոզչությունը երկու համայնքներում պաշտոնապես մեկնարկելու է մարտի 15-ից մինչև մարտի 28-ի 24։00-ն։ Քվեարկությունը սկսվելու է մարտի 30-ին՝ ժամը 08։00-ին, ավարտվելու՝ նույն օրը՝ 20։00-ին։

Գյումրիում, ի տարբերություն Փարաքարի, ավելի թեժ ընտրություններ են սպասվում։ Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքի՝ Գյումրու ղեկավարի պաշտոնի համար պայքարելու են մի քանի թեկնածուներ։ Իշխող ՔՊ-ի թեկնածուն համայնքապետի ԺՊ Սարիկ Մինասյանն է, որն անկուսակցական էր, սակայն ՔՊ-ի նախնական ընտրությունների արդյունքում հաղթելուց հետո անդամագրվեց իշխող ուժին։

Նախկին համայնքապետ Վարդան Ղուկասյանը նույնպես առաջադրել է իր թեկնածությունը, համայնքապետի պաշտոնի համար կպայքարեն նաև ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, որը Եվրադաշինիքի միասնական թեկնածուն է, Արտյոմ Թումանյանը, որը դեռ չի հայտնել՝ որ կուսակցությամբ է մասնակցելու։

«Ապրելու երկիր» կուսակցությունը կմասնակցի Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին, ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը, իսկ Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցում է Գյումրու ՏԻՄ ընտրություններին, թեկնածուն Արա Ղարաղազարյանն։

Փարաքարի ընտրությունների դեպքում թեկնածուներն այնքան էլ շատ չեն։ Իշխող ուժի թեկնածուն Լյուդվիգ Գյուլնազարյանն է, որը նախկինում ևս համայնքի ղեկավարի պաշտոնն է զբաղեցրել, սակայն քրեական պատմության կենտրոնում հայտնվելուց հետո հրաժարական ներկայացրեց։ «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները Փարաքարի ընտրություններում կմասնակցեն համատեղ՝ «Միասնություն» դաշինքով։ Ցուցակը կգլխավորի «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վալոդյա Գրիգորյանը, իսկ Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը ընտրություններին կմասնակցի «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս