
Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի առնչությամբ։
Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի առնչությամբ։ Սա երկու երկրների համար հնարավորություն է՝ շրջելու տասնամյակների վաղեմության հակամարտության էջը՝ ավելի խաղաղ աշխարհի համար նախագահ Թրամփի տեսլականին համահունչ։ Ժամանակն է՝ պարտավորվել խաղաղության, ստորագրել և վավերացնել պայմանագիրն ու սկիզբ դնել Հարավային Կովկասի ժողովուրդների բարգավաճման նոր դարաշրջանին»,- ասված է հայտարարության մեջ։
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։ Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։