Հայաստանում իշխում է յոթգլխանի դևը. Աշոտ Մանուչարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանում իշխում է յոթգլխանի դևը: Այն հոշոտում է երկիրը: Դևի չորս գլուխները տնտեսական են՝ օլիգարխիա, օֆշորներ, բանկեր և հանքային համակարգ, իսկ մյուս երեքից մեկն էլ քաղաքական համակարգն է, որը ոչ մի վերաբերմունք չի դրսևորում դևի դեմ: ՀԿ-ներն ու լրատվամիջոցները մյուս գլուխներն են, որոնք ապահովում են ՀՀ քաղաքացիների հիմարացված վիճակը, և դա այն բանի համար, որպեսզի ժողովուրդը ծառայի և չընդդիմանա դևին»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Բանախոսի համոզմամբ, ՀՀ իշխանությունները երբևէ այսքան թույլ վիճակում չեն եղել, մինչդեռ կառավարման համակարգը պետք է ամուր կերպով ամբողջականացնի ողջ հայությունը:

«Այլապես կործանարար գործընթացները կարող են մեզնից շատ բան խլել: Քաղաքական ամբողջ դաշտը, այդ թվում՝ ոչ իշխանական հատվածը նույն փիլիսոփայության մեջ են: Երեկվա ընդդիմադիրները հո չդադարեցի՞ն կողոպտիչ ու կաշառակեր լինել»,- նշեց Մանուչարյանը:

Ղարաբաղ կոմիտեի անդամը նկատեց նաև, որ թեպետ Հայաստանում սուր իրադարձություններ են կատարվում, բայց դրանք թողած զբաղվում ենք երկրորդական, տասներորդական հարցադրումներով:

Անդրադառնալով նոր վարչապետի նշանակման հետ կապված քննարկումներին և հավանական թեկնածուներին ՝ Ա. Մանուչարյանն ասաց. «Հիմա միակ հարցը, որի շուրջ մենք մտածում ենք, դա այն է, թե ով է ուտելիքը մատուցելու դևին, ո՞ր ադմինիստրացիան է, ումի՞ց է կախված, ինչպիսի՞ն է և այլն, իսկ դևին ուտելիք մատուցում են բոլորը»:




Լրահոս