Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Երվանդ Տեր-Մինասյանի «Հայոց Եկեղեցին» և «Քրիստոսի հրաշքների և բժշկությունների հայ միջնադարյան մեկնությունները» աշխատությունները:
Նշանավոր հայագետ, աստվածաբանության լիցենցիատ, փիլիսոփական և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Երվանդ Տեր-Մինասյանի «Հայոց Եկեղեցին» ուսումնաօժանդակ ձեռնարկը գիտատեսական և եկեղեցաբանական մոտեցումների ներդաշնակ զուգորդությամբ ներկայացնում է Առաքելական շրջանից մինչև 1970-ականներն ընկած ժամանակաշրջանի Հայ Եկեղեցու պատմությունը:
Գիրքը, որը հրատարակության է պատրաստել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան Հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, իբրև լրացուցիչ ուսումնական ձեռնարկ` հասցեագրվում է ուսանողությանը և Հայ Եկեղեցու պատմությամբ հետաքրքրվող ընթերցող լայն հանրությանը:
Երվանդ Տեր-Մինասյանի «Հայոց Եկեղեցին» աշխատությունը, որը լույս է տեսել «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ, նվիրվում է Գևորգյան Հոգևոր ճեմարանի հիմնադրման 140-ամյակին: Մյուս` «Քրիստոսի հրաշքների և բժշկությունների հայ միջնադարյան մեկնությունները» աշխատությունը կազմված է ըստ ձեռագիր և տպագիր աղբյուրների:
Ծաղկաքաղ այս բնագրում բժշկությունների կամ հրաշքների մեկնությունները տրված են ըստ Ավետարանների հերթագայության, ապա մեկնիչների ժամանակագրական կարգով: Տերունական հրաշքների մեկնության ներկայացվող բնագիրը հնարավորություն է տալիս մեկնողական գրական ավանդույթի մեջ ավելի տեսանելի դարձնել ավանդականն ու փոխանցվողը, յուրաքանչյուր հեղինակի անհատական-ինքնուրույն շերտերի դրսևորումները:
Աշխատությունը, որը կազմել է Նաիրա Թամամյանը` խմբագրությամբ Գևորգ Տեր-Վարդանյանի, նախատեսված է հոգևոր կրթական հաստատությունների, Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողների և ընթերցողների լայն շրջանակների համար: Գիրքը հրատարակվել է Մայր Աթոռի բարերար տիար Գաբրիել Չեմպերճյանի մեկենասությամբ:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգ