Երեկ Երեւանի Լեւոն Արիսյանի անվան թիվ 127 դպրոցում պետք է տեղի ունենար մանկավարժական խորհրդի նիստ, որի ընթացքում պետք է քննարկվեր ռուսաց լեզվի ուսուցչուհի Լարիսա Պապյանի հետագա աշխատանքային ճակատագիրը: Սակայն վերջինս առողջական խնդիրների պատճառով չէր ներկայացել խորհրդի նիստին:
Նշենք, որ այդ դպրոցում օրեր առաջ ռուսերենի ուսուցչուհի Լարիսա Պապյանի եւ նույն դպրոցի աշակերտ, աշխորհրդի նախագահ Դավիթ Թանթոսյանի միջեւ բավական տհաճ եւ դպրոցական վարքականոնին անհարիր միջադեպ էր տեղի ունեցել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Դ.Թանթոսյանը ներկայացրեց, թե որն է եղել ուսուցչուհու հետ վեճի բուն պատճառը. «Ռուսաց լեզվի ուսուցչուհին այդ օրը դասարանից դուրս է հանում երկու աշակերտի, իսկ քանի որ այդ օրը դպրոցում պետք է նկարահանումներ լինեին, ինձ` որպես աշխորհրդի նախագահ, ասված էր, որ դպրոցում կարգ ու կանոնին առավել ուշադիր լինեմ: Երբ ես ուսուցչուհուն խնդրեցի, որ նրանց թողնի` մտնեն դասասենյակ, ինքը բարկացավ եւ ինձ անվանելով «անբարոյականի տղա»` ասաց «պոշոլ վոն», եւ որ դա իմ գործը չէ: Լսելով այդ բառերը` ես էլ բարկացա եւ վրա եկա, բայց դասընկերներս կարողացան քաշել թեւերիցս, որի ժամանակ էլ ոտքս վեր բարձրացնելիս կպել է նրա ոտքին»: Ըստ նրա` մինչ այս միջադեպն իրենք լավ հարաբերությունների մեջ են եղել, բայց հենց աշակերտական խորհրդում 150 ձայնով ինքն է ընտրվել խորհրդի նախագահ, վատացել են իրենց հարաբերությունները, քանի որ Լ.Պապյանն այդ «պաշտոնում» ցանկանում էր տեսնել մեկ այլ աշակերտի: «Թեեւ արարքս չեմ արդարացնում, բայց առաջին հերթին մեղավոր է ուսուցիչը: Եթե նա իրեն նման բան է թույլ տալիս, առավել եւս ողջ դասարանի ներկայությամբ, ով էլ լիներ իմ փոխարեն, նման կերպ կարձագանքեր: Ինձ էլ կարելի է հասկանալ»,-արդարացավ Դ.Թանթոսյանը:
Տնտեսագիտական դասարանի դասղեկ Արմինե Խաչատրյանն ու դասարանի աշակերտները նշեցին, որ սա նման առաջին դեպքը չէ, սակայն մինչ այդ նրանք ոչ մի քայլ չեն ձեռնարկել` հուսալով, որ դպրոցի տնօրենը հարցին համապատասխան լուծում կտա: Ըստ Ա. Խաչատրյանի` ինքն այդ պահին դեպքի վայրում չի եղել, բայց երբ դպրոց է մտել եւ իմացել կատարվածի մասին, փորձել է Լ.Պապյանից պարզել դեպքի մանրամասները, սակայն վերջինս նշել է, որ իրեն վատ է զգում եւ չի կարող ոչինչ ասել: «Պետք է նշեմ, որ ընդամենը րոպեներ անց Լ.Պապյանը դեպքի մասին տեղեկացրել է տնօրենին, որից հետո աշակերտը հրավիրվել է տնօրենի աշխատասենյակ եւ դեպքի հետ կապված` տվել համապատասխան պարզաբանումներ»,-ասաց դասղեկը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Նելսիկ Էլոյանը նշեց, որ տեղյակ է եղել դպրոցում տեղի ունեցող նման դեպքերի մասին, սակայն փորձել է նորեկ ուսուցչին ինտեգրվելու հնարավորություն տալ: «Նա բազմիցս հայտնվել է իմ սենյակում եւ լացակումած ներում խնդրել` նշելով, որ էլ չի կրկնվի»,-ասաց տնօրենը:
Ամեն դեպքում, մեր կողմից հարկ ենք համարում նշել, որ նման անվայելուչ վարքուբարքն անընդունելի է ոչ միայն ուսուցչի, այլեւ ոչ պակաս, եթե ոչ ավել` ուսուցչին հարվածել փորձած աշակերտի կողմից: Ուստի դպրոցի ղեկավարությունը պետք է համապատասխան հետեւություններ կատարի ու հարցին համակողմանի եւ ինչ-որ տեղ նաեւ կոշտ լուծում տա:
ԱՆՎԱՅԵԼՈՒՉ ԲԱՐՔԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ