ԻՍԿ Ո՞ՒՐ Է ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս սեպտեմբերի 23-ին Երեւանում վնասազերծված հանցախմբի պարագլուխ համարվող Արտյուշա Հակոբյանի փաստաբան Հովիկ Արսենյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ  գործին որեւէ ընթացք չի տրվել, իսկ ինքը միջնորդություն է ներկայացրել, որ իր պաշտպանյալն անմեղ է, եւ նրան պետք է ազատ արձակեն:
Հիշեցնենք, որ վերը նշված օրը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն ավազակախումբ էին վնասազերծել: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել էին փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել:
Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանն, ավելի ուշ կալանավորվել էին: Սկզբում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս գործում մի ամբողջ շարք պաշտոնատար անձանց զավակներ են խառնված, սակայն կարճ ժամանակ անց այդ լուրերը հերքվեցին ոստիկանության եւ դատախազության կողմից:
Նշենք, որ խոսքն այն հանցախմբի մասին է, որն առնչություն ունի բարձրաստիճան պաշտոնյաների տների ավազակային հարձակումների հետ: Մասնավորապես, այդ խմբի հետ են կապում ավազակային հարձակումը «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն, «Երեւանճանապարհշին» ՍՊԸ-ի փոխտնօրեն Էդուարդ Բեզոյանի տան վրա: Ըստ տարածված տեղեկությունների`  ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի բնակարանի եւ Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանի տան վրա ավազակային հարձակումները եւս նույն ձեռագրով են կատարվել:
 Բանդայի վնասազերծումից հետո Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 27-ին երկամսյա կալանքի որոշում կայացրեց Ռուբեն Կարաօղլանյանի, Քյարամ Ամոյանի ու հանցախմբի պարագլուխ համարվող Արտյուշա Հակոբյանի նկատմամբ:
Ի դեպ, նույն օրը կալանքի որոշում է կայացվել նաեւ Արտյուշա Հակոբյանի կնոջ` Մարինայի նկատմամբ: Իսկ սեպտեմբերի 23-ին արդեն կալանքի որոշում էր կայացվել հանցախմբի չորս անդամների` Արամ Հայրապետյանի, Սամվել Դավթյանի, Դավիթ Գալստյանի եւ Արթուր Մանուկյանի նկատմամբ: Նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 222 հոդվածով` բանդիտիզմ եւ 175 հոդվածով` ավազակային հարձակում հատկանիշներով:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց բանդայի պարագլուխ համարվող Արտյուշա Հակոբյանի փաստաբան Հովիկ Արսենյանի հետ` տեղեկանալու համար գործի ընթացքից. «Առերեսում մինչեւ այսօր չեն արել, ոչ մի փուլում չի գտնվում, զրոյական վիճակ է, ում ձերբակալել են, այդպես էլ պահել են, ոչ մի քննչական գործողություն, ոչ մի բան, ես ասում եմ` իմ պաշտպանյալի հետ ոչ մի գործողություն չկա կատարված: Թե նախաքննական մարմինն ինչ է անում, ես չեմ հասկանում եւ չեմ կարող ասել»:
Իսկ մեր այն հարցին, թե ինքը` որպես Արտյուշա Հակոբյանի պաշտպանյալ, միջնորդություն չի՞ ներկայացրել տեղեկանալու համար, թե ինչու են Հակոբյանին ձերբակալել, երբ որեւէ փաստ չկա, իսկ գողոնն էլ չի գտնվել, պարոն Արսենյանն ասաց. «Ես համապատասխան գործողություններ կատարում եմ, ես միջնորդություններ եմ ներկայացրել, որ մարդն անմեղ է: Նախկին դատվածությունները հաշվի առնելով` հասարակական նստվածք տալու համար էդ մարդուն կալանավորել են: Նրա հանցավոր անցյալն են հաշվի առել… Համենայնդեպս, ոչ մի ապացույց գոյություն չունի այս գործին իմ պաշտպանյալի առնչության կամ  մասնակցության վերաբերյալ»:
Փաստը մնում է փաստ, որ շուրջ երկուսուկես ամիս է` ոստիկանությունը չի կարողանում հստակեցնել` ի վերջո, ա՞յդ խումբն է եղել գողությունների հեղինակը:  Ոստիկանությունը մինչ օրս անգամ գողոնը չի կարողանում գտնել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս