«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լրատվամիջոց համարվող «Կենտրոն» հեռուստաընկերությունում առաջիկայում արմատական փոփոխություններ են սպասվում: Մասնավորապես, Գագիկ Ծառուկյանն իր սլաքն ուղղել է լրատվական-քաղաքական հաղորդումների վրա: Այդպիսի ուղղվածություն ունեցող հաղորդաշարերի եւ «Էպիկենտրոն» լրատվական թողարկման ղեկավար է նշանակվել Պետրոս Ղազարյանը: Ի դեպ, վերջինիս որոշմամբ լրատվական ծրագրի աշխատակիցների մի մասի աշխատավարձը բարձրացվել է: Սակայն Պ.Ղազարյանի որոշումից դժգոհողներ կան, որոնք մտադիր են դիմել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Ըստ նրանց` Ծառուկյանը տեղյակ չէ, թե իրականում ինչ է կատարվում հեռուստաընկերությունում: Այս հարցերի շուրջ զրուցեցինք Պետրոս Ղազարյանի հետ:
-Ասեմ, որ սպասվում են փոփոխություններ բոլոր առումներով, այս պահին տաղավարներն են նորոգում, գաղափարա-բովանդակային ուղղվածությունն է փոխվելու, նոր թիմ ենք հավաքելու:
-Այդ փոփոխությունները կապ ունե՞ն առաջիկա ընտրությունների հետ:
-Միանգամից ասեմ` կապ չունեն, ընդհանրապես ծրագրել ենք հունվարի 1-ից հայտարարել նոր եթերաշրջանի բացման մասին: Իսկ եթե նոր է, ուրեմն փոփոխություններ պիտի լինեն: Ասեմ, որ այս պահին սարքավորումներ ենք գնում, օրինակ` լույսերը 2 օր առաջ Իռլանդիայից են բերվել, լուսային էֆեկտները թարմացվելու են:
-Ասացիք, որ նոր թիմ եք հավաքելու, կարելի՞ է ենթադրել, որ նախկին կադրերից ազատվելու եք:
-Չենք ազատվելու, ազատելն իր հերթին նախ եւ առաջ սոցիալական խնդիրներ է առաջ բերելու: Աշխատելու ենք բոլորի հետ: Իհարկե, բացի նրանցից, ովքեր համառորեն չեն ցանկանում աշխատել մեզ հետ:
-Իսկ ինչպե՞ս եք բացատրում այն իրողությունը, որ Ձեր վերջին` աշխատավարձի բարձրացման որոշումից դժգոհություններ կան:
-Դե գիտեք` մեկինը x գումարով, մյուսինը` y, ըստ կատարած աշխատանքների ենք բարձրացրել: Պիտի մարդկանց աշխատանքից գոհ լինես չէ՞, որ վճարես:
-Իսկ ո՞վ պետք է գոհ լինի:
-Իհարկե ես, քանի որ ես եմ ղեկավարում այդ բլոկը: Պիտի նորմալ աշխատեն, որ վարձատրվեն:
-Իսկ ի՞նչ պիտի անեն, որ գոհ լինեք, ի՞նչ չափանիշներ կան:
-Լրագրողից ի՞նչ են պահանջում, այն էլ ուզում եմ:
ԲՀԿ-Ի «ԿԵՆՏՐՈՆ»-ՈՒՄ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ա.ԴԱՎԹՅԱՆ