Խնամիական կապերը քաղաքական կատեգորիա չեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ի ցուցակով պատգամավորական մանդատ ստացած Լեռնիկ Ալեքսանյանը armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ  իր համար այդքան էլ սպասելի չէր իր պատգամավորական գործունեության վերսկսումը. «Դե գիտեի այնքանով, որ եթե պատգամավորներից գնում են, ես գալու եմ»:

-Պարո՛ն Ալեքսանյան, բավական երկար ժամանակ չեք եղել խորհրդարանում և չեք զբաղվել պատգամավորական գործունեությամբ, հիմա ի՞նչ խնդիրներ եք դնելու ձեր առաջ:

Դե, գիտեք, ինչ կա, ես խորհրդարանում չեմ եղել, բայց կուսակցության մեջ  եմ եղել, խնդիրներն էլ ինձ համար նորություն չեն, քանի որ դրանք նախկինում են եղել:

-Հաշվի առնելով, որ դուք զբաղվում եք գյուղատնտեսությամբ և բնակվում եք Արարատի մարզում, կփորձե՞ք օգնել ցրտահարությունից տուժած համերկրացիներին:

-Բնականաբար,  եթե պատգամավոր լինեմ, ավելի ակտիվ կմասնակցեմ գյուղացիների  խնդիրների հետ կապված հարցերին: Ես կաշխատեմ օգնել ոչ միայն իմ համերկրացիներին, այլև այլ մարզի գյուղացիներին, քանի որ ամեն տեղ համարյա նույն վիճակն է:

-Իսկ Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելը ձեզ համար որքանո՞վ էր սպասելի:

-Չգիտեի,  որ ինքն է նշանակվելու, բայց թեկնածուների մեջ կար նաև իր անունը: Ու կարծում էի, որ ինքն էլ կլինի:

-ՀՀԿ-ն այլ թեկնածու առաջ չէ՞ր քաշում:

-Դե, մամուլում խոսում էին այդ մասին: Կային շշուկներ, որոնց մասին մեկնաբանություն անելը ճիշտ չէ:

– Բայց դուք ցանկանո՞ւմ էիք Հովիկ Աբրահամյանին տեսնել այդ պաշտոնում:

-Բնականաբար, Հովիկ Աբրահամյանը կենսագրություն ունի, փորձառու  է: Կարծում եմ` վարչապետի պաշտոնում բարեփոխումներ կանի:

-Բայց ինչպե՞ս է այդ բարեփոխումներն անելու, եթե ՀՀ նախագահն իր ուղերձում հստակ ասաց, նոր ձևավորվելիք կառավարությունը շարունակելու է նախորդի գործունեությունը (մասնավորապես, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ուղղությամբ այն դեպքում, երբ հասարակությունն այս առումով այլ ակնկալիքներ ուներ): Հասարակությունն այսքանից հետո ի՞նչ սպասելիքներ ունենա:

-Ընդհանուր առմամբ՝ վարչապետների փոփոխությունը չպետք է առաջացնի ծրագրային փոփոխություն, քանի որ կառավարության ծրագիրը մեր կուսակցության ու մեր նախագահի ծրագիրն է:

Նոր ձևավորվելիք կառավարությունը պետք է շարունակի նախկին կառավարության գործունեությունը: Նախագահը նաև մեկ այլ բան ասաց, որ կան սպասելիքներ նոր կառավարությունից, ասել է թե` ծրագիրը նույնը կլինի, բայց կլինեն նոր մոտեցումներ: Կարծում եմ` կառավարություն կփոխվի, և շատ խնդիրներին նորովի կնայեն:

-Եթե անկեղծ լինեք, ինչպե՞ս եք գնահատում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունությունը:

-Դե…, դժվար է ասել միանգամից, բայց կարծում եմ` լուրջ գործեր է արել, լուրջ խնդիրներ է լուծել: Գուցե անփորձության պատճառով տնտեսական առումով ունեցել է  վրիպումներ, սխալներ, իսկ աշխատանքի մեջ միշտ էլ լինում են վրիպումներ:

-Արդյոք Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելը չի՞ ենթադրում նաև ԲՀԿ-ի մուտքը կոալիցիա` հաշվի առնելով Ծառուկյան- Աբրահամյան խնամիական կապերը:

-Աբրահամյանը երեկ շատ հստակ ասել է` խնամիական կապերը քաղաքական կատեգորիա չեն: Ես կարծում եմ` այդ պաշտոններում որոշիչ չեն կարող լինել: Դերակատարություն կարող են ունենալ, բայց  ոչ որոշիչ կոալիցիա կազմելու-չկազմելու համար:

-Այսինքն` ԲՀԿ-ն կոալիցիա չի՞ մտնի:

-Ոչինչ չեմ բացառում, քանի որ կոնսուլտացիաները շարունակվում են թե՛ ԲՀԿ-ի, թե՛ ՀՅԴ-ի հետ:  Սահմանադրության փոփոխության հետ կապված` չի բացառվում, որ կստեղծվեն որոշակի հարաբերություններ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի միջև:

Սոնա Դավթյան




Լրահոս