Հոկտեմբերյանցի Նովոն իր ողջ շքեղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում մեծ թիվ են կազմում այնպիսի պատգամավորները, ովքեր աչքի են ընկնում ոչ թե ելույթներով, առաջարկություններով կամ հարցերով, այլ իրենց «անթերի» վարքով:

Այսպիսի պատգամավորների շարքին է պատկանում նաև ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանը` հոկտեմբերյանցի Նովո մականվամբ:

Այսօր Armlur.am-ը կանդրադառնա հենց ՀՀԿ-ական պատգամավորին: Նահապետ Գևորգյանը ծնվել է 1957թ. հունիսի 28-ին Հոկտեմբերյանի շրջանի Հոկտեմբեր գյուղում: 1984թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղը: Մասնագիտությամբ ճարտարագետ-տեխնոլոգ է:

1975-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1978թ. Հոկտեմբերյանի (Արմավիր) շինանյութերի կոմբինատում («Շինանյութեր» ՍՊԸ) աշխատել է բանվոր, հաշվառող, հանքի վարիչ, փոխտնօրեն, տնօրեն, խորհրդի նախագահ:

Գևորգյանի պատգամավորական գործունեությունը սկսվել է 1999 թվականից, երբ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 40 ընտրատարածքից: Ընտրվել էր Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ և «Միասնություն» խմբակցության անդամ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել արդեն թիվ 30 ընտրատարածքից: Արդեն 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Նահապետ Գևորգյանը հետ չի մնում իր գործընկերներից և նույնպես ունի մեդալներ: Մասնավորապես վարչապետը պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից պարգևատրվել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանով՝ ի գնահատություն ազգային-եկեղեցական կյանքում նրա բազում իրագործումների:

Անդրադառնանք Գևորգյանի պատգամավորական գործունեությանը: Ամբողջ իր ԱԺ գործունեության ընթացքում Նահապետ Գևորգյանը 267 անգամ կողմ է քվեարկել ներկայացված նախագծերին, վեց անգամ էլ դեմ: Նրան կարելի է դասել պարտաճանաչ պատգամավորների շարքին, քանի որ ԱԺ նիստերից այսքան տարիների ընթացքում բացակայել է 32 անգամ: Բնականաբար, ՀՀԿ-ական պատգամավորը հարցեր և ելույթներ չի ունեցել:

Պարզվում է, Նահապետ Գևորգյանը Արմավիրի մարզի ամենաազդեցիկ դեմքերից է, իսկ նրա որդին ժամանակ առ ժամանակ հայտնվում է այս կամ այն իրադարձության կենտրոնում:

Մասնավորապես Արտակ Գևորգյանը Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ, իջնելով իր կողմից վարած «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից՝ ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել էր Վիրաբ Ա.-ի կողմից վարվող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և իջեցնելով վերջինիս ու նրա ուղևորին ու թողնելով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան` «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով հեռացել է:

Մի քանի ամիս կալանավայրում գտնվելուց հետո Արտակ Գևորգյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել: Մեկ անգամ էլ պատգամավորի որդին և եղբորորդին ծեծել էին Արմավիր – Երևան երթուղայինի մի վարորդի և պահանջել էին չաշխատել այդ գծում:

Ի տարբերություն շատ պատգամավորների, Նահապետ Գևորգյանը մի անգամ խոստովանել էր, որ զբաղվում է բիզնեսով: Նա ունի ջերմոցներ, որտեղ բանջարեղեն է աճեցնում, ինչպես նաև նրան են պատկանում Արմավիրում գործող ավազի հանքերը:

Նշենք նաև, որ Նահապետ Գևորգյանը մշտապես աչքի է ընկնում իր սկանդալային վարքով և լրագրողների հասցեին հայհոյանքներ շաղ տալով: Նա բազմիցս ԱԺ-ում դրսևորվում է իր «ողջ հմայքով»:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս