«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այս տարվա հունիսի սկզբին ՀՀ Կառավարության շենքի դիմաց սկանդալային բախում է եղել. 2020 թվականի պատերազմի հետեւանքով անհետ կորած զինծառայողների ծնողներից մի քանիսը բռնել են առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի օձիքից:
Ինչից է սկսվել պատմությունը:
«Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից տեղեկացավ, որ երբ այս տարվա հունիսի սկզբին Նիկոլ Փաշինյանն ընդունել է անհետ կորած եւ բռնի անհետացած զինծառայողների ծնողներին, հերթական անգամ վստահեցրել է, որ ամեն ինչ արվում է երեխաների որոնման եւ վերադարձի համար: Սակայն ծնողները դժգոհ են մնացել, քանի որ որեւէ շոշափելի արդյունք չկա զինծառայողների որոնողական աշխատանքների մասով: Այս դժգոհության ֆոնին, Կառավարության դիմաց տեսնելով շենքից դուրս եկող ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին, որը եղել է ԴՆԹ հետազոտությունների պատասխանատուն դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի հետ, բղավել են նրա վրա, թե «ԴՆԹ հետազոտությունները դարձրել եք ծաղր»: Բանն այն է, որ ԴՆԹ հետազոտությունների շուրջ ծնողները տեսնում են խճճվածություն եւ թափանցիկության բացակայություն: Ծնողներից մի քանիսը պատգամավորից հաշվետվություն են պահանջել, թե ինչու է Լեւոն Քոչարյանին ԱԺ ամբիոնից պատասխանելով հայհոյել թե՝ «Ով մեզ կասի թուրք, իրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ»: Ծնողներից երկուսը բռնել են Թորոսյանի օձիքից, վեր բարձրացրել, ասել, թե ստախոս է նա, թուրք, որովհետեւ իրենց երեխաների ԴՆԹ հետազոտությունները խառնաշփոթ է դարձրել, ԱԺ ամբիոնից ո՞ւմ էր հայհոյում, հավելել են, թե «Ինչ ասել ես՝ նույնը՝ քեզ»: Ի պատասխան՝ պատգամավորին նետել են նույն հայհոյանքները:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կատարվածի վերաբերյալ ստանալ Արսեն Թորոսյանի մեկնաբանությունը, վերջինս հայտարարեց. «Ժողովուրդ օրաթերթին կա՛մ սուտ ինֆորմացիա են տվել կա՛մ ինքն է սուտ ինֆորմացիան հորինել, ինչպես հաճախ։ Ցտեսություն»:
Այս արձագանքից հետո ՔՊ պատգամավորը, խախտելով էթիկայի նորմերը, հանրայնացրեց անձնական նամակագրությունը՝ «լուտանք» որակելով իրեն ուղղված հարցը:
«Ժողովուրդ» օրաթերթը կրկին իր աղբյուրների հետ կապվեց, ովքեր վստահեցրին. «Արսեն Թորոսյանը նոր չէ, որ սուտ է խոսում, գրեք՝ ինչ պատմել են, 100% ճշմարտություն է. ծնողները պատգամավորի օձիքից բռնել ու թափ են տվել»:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ծառայողական հետապնդման հերթական աղմկալի դրսեւորումն է եղել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում: Բանն այն է, որ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում, այս անգամ հերթական ծառայողական հետապնդման դեպքի պատճառով։ Ակադեմիական կառույցի ներսում արձանագրվել է մի իրավիճակ, որը վկայում է իշխանական լծակների չարաշահման եւ բարոյահոգեբանական ճնշման կիրառման մասին` ակադեմիական միջավայրին անհարիր ոճով։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համալսարանի ամբիոններից մեկի վարիչը ենթարկվել է կարգապահական տույժի միայն այն պատճառով, որ չի կանգնել ոտքի (իրավաբանորեն ձեւակերպված՝ անհարգալից վերաբերմունքի համար), երբ բուհի պրոռեկտորները ներս են մտել։ Տվյալ միջադեպը ոչ միայն որեւէ իրավական ակտով չի կարգավորվում, այլեւ նման «արարքի» համար տույժ կիրառելը ակնհայտորեն հակասում է առողջ բանականությանը եւ ակադեմիական ազատության սկզբունքներին։ Ամենից ծանրակշիռ հանգամանքն այն է, որ այս՝ մեղմ ասած աննշան հարցը, շաբաթներ շարունակ քննարկվել է բուհի էթիկայի հանձնաժողովում, ինչը վկայում է, որ գործի մեջ թաքնված են անձնական կամ խմբային շահեր։ Այլ կերպ ասած՝ պարզ քայլը վերածվել է նպատակաուղղված ճնշման, որի նպատակն է ակադեմիական աշխատակցին նսեմացնել, վախեցնել կամ լռեցնել։ Հարց է առաջանում՝ արդյո՞ք էթիկայի հանձնաժողովը կոչված է նման կերպ «դաստիարակել» գիտակազմի ներկայացուցիչներին, երբ իրական էթիկական խնդիրներ՝ սկսած աշխատանքի ապօրինի դադարեցումներից մինչեւ մասնագիտական արժանապատվության խախտում, շարունակում են անտեսվել։ Այս դեպքը վկայում է այն խորքային ճգնաժամի մասին, որում հայտնվել է համալսարանական կառավարումը. երբ իշխանությունը փոխարինում է արժանապատվությանը, իսկ վախը՝ համագործակցությանը։ Մնում է միայն հուսալ, որ նման օրինակները կարժանանան հասարակական լայն արձագանքի, որպեսզի ակադեմիական հարթակը դադարի հաշվեհարդարի տարածք լինելուց։
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, բանավոր դիմել է ԱԺ խորհրդի անդամներին՝ հորդորելով իր՝ անձեռնմխելիությունից զրկելու հարցը շտապ կարգով քննարկել: Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր էր ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ թույլ տալու հանրային քրեական հետապնդում հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ։ Անձեռնմխելությունից զրկելու եւ քրեական վարույթ նախաձեռնելու համար, հարցը պետք է քննարկվեր խորհրդարանում, սակայն ԱԺ հերթական նստաշրջանը ավարտվեց, եւ վերը նշված հարցը կքննարկվի արդեն արտահերթ նիստում: Ու, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, Արծվիկ Մինասյանը, դիմելով Խորհրդին, նշել է, որ այս հարցը պետք է անհապաղ քննարկվի, որովհետեւ սա շոու է, եւ հանրությանը պետք է ներկայացվի շատ շտապ։ Մինասյանի հորդորին դեռեւս չեն արձագանքել, թե երբ կքննարկեն հարցը, դեռեւս պարզ չէ: ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ դա կանեն հուլիսի սկզբին:
Շուտով կլրանա 4-րդ ամիսը, ինչ ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը թափուր է: Ըստ էության, քաղաքական իշխանությունը չի կարողանում պրոֆեսիոնալ ներկայացուցիչ գտնել։ Բանն այն է, որ այս տարվա մարտի 5-ին Եղիշե Կիրակոսյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվեց պաշտոնից։ Պատճառն այն էր, որ խաղաղության պայմանագրի շրջանակում Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են միջազգային ատյաններից հետ կանչել միմյանց նկատմամբ հայցերը, ու այս հանգամանքով պայմանավորված՝ Կիրակոսյանը ինքնակամ հեռացավ: Ի դեպ, ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության դեպքում՝ Հայաստանի համար ընդունելի է միմյանց նկատմամբ հայցերը հետ կանչելը։ Եղիշե Կիրակոսյանն էլ քանիցս հայտարարել էր, որ երկու երկրների միջեւ խաղաղության հաստատման համար այդ հայցերը եւ դրանք հետապնդելը խոչընդոտ չեն միջազգային ատյաններում մեր իրավունքների պաշտպանության համար:























