Ֆրանսիական մի շարք քաղաքներում թմրանյութերին առնչվող բռնության աճի պատճառով անչափահասների համար գիշերային պարետային ժամեր են սահմանվել, հաղորդում է BBC News-ը։
Երկրի հարավային Նիմ քաղաքը դարձավ վերջին քաղաքը, որը ձեռնարկեց միջոցառումներ, որոնք, ըստ տեղական իշխանությունների՝ ուղղված էին 16 տարեկանից փոքրերի նկատմամբ բռնության կանխարգելմանը և «լարվածության զսպմանը»։
Միաժամանակ լրացուցիչ ոստիկանական ստորաբաժանումներ կտեղակայվեն։ Վերջին մեկ ամսվա ընթացքում մի քանի կրակոցներ, դրանց թվում՝ ցերեկը, խլել են մեկ մարդու կյանք, իսկ մի քանի մարդ վիրավորվել է։ Անցյալ շաբաթ Նիմի ծայրամասում 19-ամյա տղամարդու մասամբ այրված դիակ է հայտնաբերվել։
21:00-ից մինչև առավոտյան 6:00-ն պարետային ժամ հայտարարելով՝ քաղաքապետ Ժան-Պոլ Ֆուրնիեն հայտարարել է, որ իրավիճակը դարձել է «անտանելի», և որ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը «վախի և սարսափի մթնոլորտ» է ստեղծել։
Քաղաքապետի տեղակալ Ռիչարդ Շիվենը նշել է, որ պարետային ժամը կպաշտպանի թմրանյութերի առևտրով չզբաղվող անչափահասներին, «այլև 12 և 13 տարեկան այն անձանց, որոնց շահագործում են թմրանյութ վաճառողները»։
Բեզիեում՝ 120 կմ հարավ-արևմուտք, 13 տարեկանից փոքր երեխաների համար պարետային ժամ է սահմանվել անցյալ տարվանից՝ 23:00-ից մինչև 06:00-ն, իսկ որոշ շրջաններում անցյալ տարվա մարտին նախատեսված արգելքը ընդլայնվել է մինչև 15 տարեկան երեխաների համար։
Չնայած ձեռնարկված միջոցառումներին՝ Բեզիեն շարունակում է տառապել բռնությունից։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ բալակլավներով երիտասարդ տղամարդիկ հանգստյան օրերին գրավել են ոստիկանների ուշադրությունը, ապա հրավառությամբ հարձակվել նրանց վրա։
Նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել Ֆրանսիայի հարավ-արևմուտքի Լիմոժ քաղաքում։ Քաղաքը ամառային արձակուրդների ընթացքում նաև պարետային ժամ է սահմանել 13 տարեկանից փոքր երեխաների համար, սակայն շաբաթավերջին 100 մարդու մասնակցությամբ բախումներից հետո քաղաքապետ Էմիլ Ռոժե Լոմբերտին հայտարարել է, որ միջոցառումների արդյունքները «անբավարար» են եղել։























































































