ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ օրերս հարձակվել եւ ծեծի են ենթարկել հայտնի երգիչ Գեւորգ Գեւորգյանին:
Մեզ հասած տեղեկություններրի համաձայն՝ նրանից հափշտակել են մոտ 250 հազար դրամի օծանելիք:
Shamshyan.com-ը դեպքի վերաբերյալ հայտնեց, որ օգոստոսի 16-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երեւանում: Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարության հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Երեւանի քրեական վարչության ծառայողները, որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատրավածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:
Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում «պոլիտրավմա հարցական, մեջքի շրջանի ողնաշարի միջին երրորդականի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժառուին, Երեւանի քրեական ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երեւանի բնակիչ 26-ամյա տղամարդ է:
Երեւանի քրեական ոստիկանները պարզել են, որ Գյուրջյան փողոցի 5/2 հասցեի մոտ «Մերս» մակնիշի արծաթագույն ավտոմեքենայով 2 անձինք մոտեցել են 26-ամյա տղամարդուն, ծեծի ենթարկել, դանակահարել եւ հափշտակել նրա մոտ եղած պայուսակը, որի մեջ բացի անձնական իրերից նաեւ գումար է եղել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավազակային հարձակման ենթարկվածը երգիչ է։
Երգիչների հետ կապված եւս մեկ դեպք էլ տեղի է ունեցել երգիչ Հայկ Դուրգարյանի հետ: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի՝ խախտելով «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի, 11-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը, ինչպես նաեւ ՀՀ Կառավարության՝ 2010 թվականի մարտի 18-ի թիվ 270Ն որոշման պահանջները, այն է՝ չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների եւ հոգեմետ հոգեներգործուն նյութերի շրջանառություն իրականացնելու, այսինքն՝ թմրամիջոց պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու թույլտվություն, քննությամբ չպարզված հանգամանքներում, առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք է բերել եւ իր մոտ ապօրինի պահել է առանձնապես խոշոր չափերի` 3.83 գրամ քաշով թմրանյութ։
Այնուհետեւ 2025 թվականի հունվարի 31-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան, այնուհետեւ Քասախ գյուղում իր՝ «Ինֆինիտի» մակնիշի, «02 HD 202» համարանիշի ավտոմեքենան անկանոն վարելու հետեւանքով, հետապնդվել եւ կանգնեցվել է նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցներ Տիգրան Քեֆոյանի եւ Արտյոմ Հարությունյանի կողմից, որից հետո նշված ավտոմեքենայի արտաքին զննության ժամանակ՝ Հայկ Դուրգարյանի կողմից ավտոմեքենայի սրահում գտնվող առարկաները տեսանելի դարձնելու ընթացքում, վերջինս ներկայացրել է հիշյալ թմրամիջոցը:
Երգչի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ գործը ուղարկվել է դատարան:
Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը, բացակայելու արգելքը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ



















































































