Լուսանկարը՝ «Ժողովուրդ»-ի
Սննդի կետի այս գրառումները առերեւույթ կարծես քարտային վճարման դեմ արված զվարճալի հայտարարություններ լինեն: Սակայն գուցե կա այլ ենթատեքստ, որը կհասկանան միայն օգտվողները եւ հայտարարությունը փակցրածները:
Այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում գրառումն ընդունել հումորով:
ՖԻՆԱՆՍՆԵՐ
ՀԱՐՑ. Կարո՞ղ է արդյոք ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող մահացած անձի փոխարեն գումարը վճարվել մեկ այլ անձի: Եվ ուզում եմ իմանալ՝ հնարավոր է արդյոք բացառության կարգով ստանալ ավանդի փոխհատուցում:
Նոնա Հասրաթյան (56 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձի գումարը կարող է վճարվել ժառագության իրավունքը ճանաչած անձին, եթե ավանդատուի տվյալները ընդգրկվել են տվյալ ամսվա փոխհատուցման վճարման ցուցակում, եւ մահացել է վճարման ցուցակների ձեւավորման օրվա եւ դրան հաջորդող օրերի ընթացքում:
Հայտնում ենք նաեւ, որ հնարավոր չէ, քանի որ ոլորտը կարգավորող իրավական ակտերով բացառություններ սահմանող դրույթներ նախատեսված չեն:
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու համար դիմումը ներկայացնում է ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձը անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով:
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ բուհ ընդունվող որ դիմորդներն իրավունք ունեն օգտվել արտոնություններից:
Գայանե Հարությունյան (31 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ դիմորդները կարող են օգտվել՝
1) քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին (համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների) մրցույթից դուրս ընդունվում են՝
ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները,
բ. ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները:
2) Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում անվճար ուսուցման համակարգ են ընդունվում`
ա. 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք եւ մինչեւ 18 տարեկան հաշմանդամ երեխաները,
բ. առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան երեխաները:
3) Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում`
ա. անվճար ուսուցմամբ ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրս` ըստ մասնագիտությունների Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի։ Մրցութային հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած եւ ծառայության դրական ցուցանիշներ ունեցող դիմորդին,
բ. եթե հայտագրել են միայն վճարովի ուսուցման մասնագիտություն, բուհ են ընդունվում մրցույթից դուրս:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ առանց ընդունելության քննության Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների հաղթողները, տարբեր մարզաձեւերի գծով աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրները, որոնք ընդունելության դիմում-հայտում հայտագրել են համապատասխան մասնագիտությունները:























