ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է պարգևատրել ռուսաստանյան այն զինվորականներին, ովքեր ապահովել են հանրաքվեի անվտանգությունը:
Այս մասին երկրի նախագահը հայտարարել է Սերգեյ Բրիլյովի շաբաթօրյա տեղեկատվական ծրագրին տրված հարցազրուցում: «Կարծում եմ, որ մոտ ժամանակներս չենք իմանա, թե ո՞վ է մասնակցելու այդ գործողություններին, սակայն պետական պարգևներ, իհարկե, կլինեն», – ասել է նախագահը:
Պուտինը ընդունել է, որ Ղրիմում ռուսաստանյան զինվորականների կողմից անվտանգության ապահովման մասին իր հայտարարությունն Արևմուտքում կարող են սխալ մեկնաբանել:
«Ես գիտեմ և ասել եմ այդ մասին գիտակցաբար, բայց եթե մենք ազնիվ և օբյեկտիվ լինենք, ապա բոլորի համար պարզ կդառնա, որ մարդկանց հնարավոր չէ հրազենի փողի տակ ստիպել դուրս գալ տնից և գնալ ընտրությունների: Իսկ ներկայությունը կազմել է 83%», – ասել է նախագահը:
Ըստ նրա, գործողությունները Ղրիմում տրամաչափորեն տարբերվել են Հյուսիսային Կովկասում անցկացված հակաահաբեկչական օպերացիայից:
«Տարբերությունն ահռելի է և կայանում է նրանում, որ Հյուսիսային Կովկասում մենք առերեսվեցինք միջազգային ահաբեկչության հետ: Ըստ էության, դա կազմավորված, լավ նախապատրաստված բանդաներ էին, որոնք մատակարարվում և զինվում էին արտասահմանից: Դա մեծ տարբերություն է», – ասել է նախագահը: