1957 թվականի հոկտեմբերի 4-ին Խորհրդային Միությունը հաջողությամբ արձակեց «Սպուտնիկ-1»-ը՝ աշխարհի առաջին արհեստական ուղեծրային արբանյակը։ Այս պատմական իրադարձությունը ոչ միայն գիտական, այլև քաղաքական, ռազմական և տեխնոլոգիական մեծ զարգացումների սկիզբ դրեց՝ ազդարարելով տիեզերական դարաշրջանի և ԱՄՆ-ԽՍՀՄ տիեզերական մրցավազքի մեկնարկը։
Արբանյակը, որի չափերը համեմատելի էին լողափնյա գնդակի հետ (22.8 սմ տրամագծով), ուներ 83.6 կգ (184 ֆունտ) զանգված և Երկրի շուրջ կատարում էր պտույտներ մոտ 98 րոպեում՝ էլիպսաձև ուղեծրով։ Այն մնաց ուղեծրում մինչև 1958 թվականի հունվարի 4-ը։
«Սպուտնիկ-1»-ի արձակումը լուրջ իրարանցում առաջացրեց հատկապես ԱՄՆ-ում, որտեղ շատերը վստահ էին, թե իրենց երկիրն առաջատար է տեխնոլոգիական ոլորտում։ Հանրության շրջանում լուրջ մտահոգություն առաջացավ այն մասին, որ ԽՍՀՄ կարող է նաև միջուկային հրթիռներ արձակել՝ հասնելով ԱՄՆ տարածք։
Նախապատմությունը սկսվում է 1952 թվականից, երբ Միջազգային Գիտական Միությունների Խորհուրդը որոշեց 1957թ․ հուլիսի 1-ից մինչև 1958թ․ դեկտեմբերի 31-ը հայտարարել Միջազգային երկրաֆիզիկական տարի՝ կանխատեսելով արևային ակտիվության բարձր փուլ։ 1954-ին որոշում կայացվեց այդ ընթացքում արձակել արհեստական արբանյակներ՝ Երկրի մակերևույթը քարտեզագրելու նպատակով։
ԱՄՆ-ն ևս հայտարարեց իր նախագծի մասին 1955-ին՝ ընտրելով «Վենգարդ» ծրագիրը։ Սակայն ԽՍՀՄ-ը համաշխարհային ուշադրությունը գրավեց ավելի մեծ՝ «Սպուտնիկ-1»-ով, ապա և՝ «Սպուտնիկ-2»-ով, որը արձակվեց նոյեմբերի 3-ին և առաջին անգամ տիեզերք ուղարկեց կենդանի էակ՝ Լայկա անունով շանը։ Ցավոք, Լայկան ողջ մնաց միայն մի քանի ժամ։
ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը, արձագանքելով հասարակական և քաղաքական ճնշումներին, արագացրեց այլընտրանքային նախագիծ՝ «Էքսփլորեր» արբանյակի մշակումը, որը ղեկավարում էր Վերներ ֆոն Բրաունի թիմը։ 1958թ․ հունվարի 31-ին ԱՄՆ-ը արձակեց իր առաջին հաջող արբանյակը՝ «Էքսփլորեր-1»-ը, որն իր մեջ կրում էր գիտական սարքեր, այդ թվում՝ Ջեյմս Վան Ալենի կողմից նախագծված սարքեր, որոնք հայտնաբերեցին Երկրի շուրջ գտնվող մագնիսական ճառագայթային գոտիները։
Այս իրադարձությունները նպաստեցին ԱՄՆ տիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի ստեղծմանը։ 1958 թվականի հուլիսին ԱՄՆ Կոնգրեսը ընդունեց «Տիեզերական ակտը», որով հոկտեմբերի 1-ից հիմնադրվեց ՆԱՍԱ-ն ։
ԽՍՀՄ-ը պաշտոնապես «Սպուտնիկ» անվանեց միայն երեք արբանյակ՝ «Սպուտնիկ-1», «Սպուտնիկ-2» և «Սպուտնիկ-3», վերջինս արձակվեց 1958թ․ մայիսի 15-ին՝ կշռելով 1,327 կգ և կրելով 12 գիտական գործիք Երկրի վերին մթնոլորտը և տիեզերքը ուսումնասիրելու համար։ Չնայած նրան, որ հենց այս արբանյակը նախատեսվում էր լինել առաջինը, տեխնիկական բարդության պատճառով նախընտրեցին ավելի պարզ՝ «Սպուտնիկ-1»-ը՝ ԱՄՆ-ից առաջ անցնելու համար։
Արևմուտքում «Սպուտնիկ» անվանումը դարձավ խորհրդային բոլոր արբանյակների համատեղ անվանումը՝ ներառյալ նաև Վեներա, Մարս և Կարաբլ-Սպուտնիկ ծրագրերը, որոնց միջոցով հետագայում իրականացվեցին մարդատար թռիչքներ, այդ թվում՝ Յուրի Գագարինի պատմական թռիչքը 1961-ին։
Հեղինակ՝ Անի Վարդանյան

























































































