Armenian text to speach

ԿԱՅԱՑԱՎ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՏԵՆՈՐԻ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն օրերս ընդունել էր իտալացի հռչակավոր  տենոր Վիտտորիո Գրիգոլոյին, որը Հայաստան էր ժամանել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգային ծրագրով հանդես գալու նպատակով։

 

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է աշխարհահռչակ երգչի այցը՝ ընդգծելով, որ նման արվեստագետների ներկայությունը հարստացնում է Հայաստանի մշակութային կյանքը։ Նախագահը հույս է հայտնել, որ Վիտտորիո Գրիգոլոյի եւ հայ երաժիշտների համագործակցությունը կունենա շարունակական բնույթ, եւ հայ հանդիսատեսը կրկին հնարավորություն կունենա վայելելու նրա վարպետությունը։

Վիտտորիո Գրիգոլոն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստանն իր համար հարազատ երկիր է, որը նա մշտապես կրում է իր սրտում։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու ժողովուրդների մշակութային կապերին ու փոխազդեցություններին։ Երկուստեք շեշտվել է, որ արվեստը ժամանակի ու տարածության սահմաններից դուրս է՝ միավորելով մարդկանց եւ նպաստելով փոխըմբռնման, համերաշխության ու ստեղծարար միջավայրի ձեւավորմանը։

 

Գրիգոլոն հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում՝ La Scala-ից մինչեւ Metropolitan Opera։ Նա համագործակցել է Լուչիանո Պավարոտիի, Սթինգի, ինչպես նաեւ օպերային երգիչներ Հասմիկ Պապյանի, Ջուլիանա Գրիգորյանի եւ Բարսեղ Թումանյանի հետ։ Նրա ալբոմները՝ թողարկված Sony Classical լեյբլում, ներառյալ պլատինե սկավառակը West Side Story մյուզիքլով, ընդգրկվել են համաշխարհային դասական չարթերում եւ առաջադրվել են Grammy մրցանակի։ Գրիգոլոյին իրավամբ անվանում են իտալացի մեծ տենորների՝ Պավարոտիի, Դոմինգոյի եւ Կարերասի արժանի ժառանգորդ։

 

Հոկտեմբերի 21-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ հռչակավոր տենորի սպասված համերգը։ Երեւանում Գրիգոլոն ներկայացրեց դասական եւ հանրահայտ ստեղծագործություններ՝ Volare, My Way, Arrivederci Roma, Caruso, The Show Must Go On, ինչպես նաեւ Կավարադոսսիի արիան Ջակոմո Պուչչինիի «Տոսկա» օպերայից։ Համերգն ընթանում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։

 

Ստացած տպավորությունների մասին ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջը համերգից հետո հրապարակեց. «Վիտտորիո Գրիգոլոյի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը դարձավ աշնան ամենավառ մշակութային իրադարձություններից մեկը։

 

Առաջին իսկ հնչյուններից դահլիճը լցվեց իտալական կրքով, բեմական շլացուցիչ էներգիայով եւ անկրկնելի արտիստիզմով։

 

Գրիգոլոյի ձայնը՝ տաք, հզոր եւ անսահման արտահայտիչ, հուզեց ու ոգեշնչեց հանդիսատեսին։

 

Նվագախումբը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, փայլեց իր վարպետությամբ, իսկ ոտքի կանգնած հանդիսատեսի երկարատեւ ծափահարությունները դարձան լավագույն գնահատականը»։

 

Նշենք նաեւ, որ իր մամուլի ասուլիսում աշխարհահռչակ երգիչը պատմել է Հայաստանի հետ ունեցած իր անձնական կապի մասին. «Հայաստանն իմ սրտին մոտ է, դուք չեք էլ պատկերացնում, այն իմ մարմնի մի մասն է։ Չեմ ուզում ամեն ինչ բացահայտել, բայց ինչ-որ առումով Հայաստանն իմ մեջ է»։

 

Տենորը նշել է նաեւ, որ հիացմունքով է վերաբերվում հայկական մշակույթին, դուդուկի հնչյուններին եւ «Դլե Յաման» ստեղծագործությանը՝ ընդգծելով, որ երաժշտությունը ժողովրդի պատմությունն ու հոգին հասկանալու լավագույն բանալին է։

 

Հայ հանդիսատեսը մեծ սիրով վայելեց Գրիգոլոյի անզուգական կատարումները՝ լի հմայքով, զգացմունքայնությամբ եւ բացառիկ տեխնիկայով։ Նրա ձայնը, մեղեդիների ընտրությունն ու բեմական ներկայությունը ստեղծեցին իսկական երաժշտական տոն՝ միավորելով տարբեր ճաշակների, տարիքների եւ ազգերի մարդկանց մեկ համերգային ծրագրում։

 

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 




Լրահոս