Armenian text to speach

ՀՀ փոխվարչապետն ընդունել է Եվրահանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները երկուստեք ընդգծել են անցյալ տարի մեկնարկած վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում արձանագրված հաջողությունները, որի արդյունքում ՀՀ կառավարությանն է փոխանցվում Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը:

Այս համատեքստում Մհեր Գրիգորյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ապահովելու գործողությունների ծրագրի ամբողջական և արդյունավետ իրականացումը և ներկայացրել է այս պահին երկրում արդեն իսկ իրականացված և առաջիկայում նախատեսված բարեփոխումները:

ԵՀ միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալը ողջունել է ՀՀ կառավարության ջանքերը և ընդգծել, որ Հայաստանն ամենաարագն է անցել այս ճանապարհը:

Երկկողմ հանդիպումից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ կայացել է ԵՀ միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների կողմից Վիզաների ազատականացման գործողության ծրագրի պաշտոնական փոխանցումը ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին՝ որպես երկրի գլխավոր բանակցող:

 




Լրահոս