Մոտ 100 հազար ԱՄՆ դոլար արժեքով Ազգային ժողովի հայտնի սրճարանի ճեմուղու մի մասը փորվում է. Ազգային ժողովի նոր վերելակը դրսում է լինելու։
Հոկտեմբերի 23-ին կառավարության նիստում, չզեկուցվող հարցերի ցանկում, կառավարությունը որոշում էր կայացրել Ազգային ժողովի շենքում նոր՝ արտաքին վերելակ տեղադրելու մասին։
Ըստ որոշման հիմնավորումների՝ ԱԺ նիստերի դահլիճի եւ նրան հարակից տարածքների մուտքը պատգամավորների, հրավիրված անձանց եւ այլ այցելուների համար ներկայում ապահովվում է վարչական շենքի ներսով՝ անցնելով բազմաթիվ միջանցքներ եւ աստիճանավանդակներ։ Սա հաճախ առաջացնում է միջանցքներում կուտակումներ եւ մարդկանց տեղաշարժի խնդիրներ, ինչը խոչընդոտում է ԱԺ վարչական շենքում անվտանգության ապահովման գործընթացը։
Ազգային ժողովի շենքում նոր՝ արտաքին վերելակ կառուցելու համար տրամադրվել է 26 մլն դրամ։ Այս գումարը Ազգային ժողովին կտրամադրվի Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով՝ Ազգային ժողովի ընդհանուր հատկացումների հաշվին վերաբաշխում կատարելով։
«Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը ֆիքսել է, որ ԱԺ սրճարանին կից մեկնարկել են արտաքին վերելակի կառուցման աշխատանքները։ Սակայն հարց է ծագում, թե այս վերելակը ճշգրիտ դեպի ուր է տանելու, քանի որ, ըստ ամենայնի, դրա համար նախատեսվում է հեռացնել նիստերի դահլիճին հարող ֆոյեի պատուհանները եւ մասամբ քանդել պատերը։
Միեւնույն ժամանակ, չի բացառվում, որ Ազգային ժողովի նոր վերելակը դառնա պետական պաշտոնյաների (վարչապետից մինչեւ նախարար)՝ լրագրողների հետ հանդիպումներից ավելի հեշտ խուսափելու նոր միջոցը։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ























