ՏԱՊԱԼՈՒՄ Է
Որքան մոտենում է տարեվերջը, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ Տիգրան Սարգսյանի կառավարությանը չի հաջողվում ապահովել խոստացված 5-7 տոկոսանոց տնտեսական աճը: Ավելին, դատելով պաշտոնական վիճակագրական ցուցանիշներից՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակում է մնալ անփոփոխ. եթե այս տարվա ինն ամիսներին այն եղել է 3.2 տոկոս, ապա տասը ամիսներին՝ 3.4 տոկոս: Ասել է թե՝ տնտեսության մեջ ոչ միայն որեւէ աճ չի նկատվում, այլեւ ընդհակառակը, տնտեսությունը գնալով պարզապես լճանում է: Եվս մեկ ուշագրավ փաստ. հունվար-հոկտեմբեր ամիսներին շարունակվել է գնաճը. այժմ այն պաշտոնական տվյալներով կազմում է 5.7 տոկոս, մինչդեռ միջին անվանական աշխատավարձի աճը կազմում է 4.3 տոկոս: Այսինքն՝ գնաճն ավելի բարձր է, քան աշխատավարձի աճը:
ԲՈՅԿՈՏԸ ՉԻ ՕԳՆԻ
«Ընդդեմ կենսաթոշակների պարտադիր վճարների» նախաձեռնությունը պատրաստվում է այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մինչ այդ նախաձեռնությունը դիմել է ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունների պատգամավորներին` խնդրելով կրկին հավաքել 44 պատգամավորի ստորագրություն եւ կրկին այդ օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու հարցով ԱԺ արտահերթ նիստ գումարել: Նախաձեռնության անդամները նաեւ նախազգուշացնում են, որ եթե իշխանությունը կրկին բոյկոտի նիստը, իրենք խորհրդարանից պահանջելու են օրենսդրական փոփոխություն կատարել ու սահմանափակել ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ուժի կողմից բոյկոտ իրականացնելու հնարավորությունը: «Այս քայլերը պետք է իրականացնել արագ»,-գրել են պատգամավորներին ուղարկած նամակում:
ԿԱՐԵՎՈՐԸ «ԲՈԳՈՆ» Է
Կառավարությունը պատրաստվում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպությունից վերցնել նրանց ամրակցված պետական «Շեւրոլե նիվա» մակնիշի 3.5 մլն դրամ արժողության մեքենաներից եւ մեկը տրամադրել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ին, մյուսը` «Հատուկ կապ» ընկերությանը: Պատճառն այն է, որ այդ մեքենաները նշված կազմակերպության կողմից չեն օգտագործվում, փոխարենը «Հայավտոկայարան»-ը եւ «Հատուկ կապ»-ը մեքենաների կարիք ունեն:
«ՂԱԼՄԱՂԱԼԻ» ՊՏՈՒՂՆԵՐԸ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նոյեմբերի 19-ին «Հայ ֆերմերների միության» նախագահ Ռոզա Ծառուկյանին պարգեւատրեց ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով, ինչպես նաեւ շնորհավորեց ծննդյան 80-ամյակի առթիվ:
Հիշեցնենք, որ սա տեղի ունեցավ այն ամենից հետո, երբ Ռ. Ծառուկյանը հրապարակավ հայտնեց, թե ՀՀ գյուղնախարարից վիրավորված է: «Ես ֆերմերների միության նախագահն եմ, եւ Ս. Կարապետյանն ընդամենը մի մեդալ է տվել, այն էլ իմ ղալմաղալից ու առարկությունից հետո. լաց եմ եղել, ասել եմ` ինչո՞ւ եք ինձ նսեմացնում, երբ 15 տարի ես «Ֆերմերների միության» փոխնախագահն եմ եղել եւ 3 տարի է` նախագահ եմ»,-ասել էր նա մեկ ամիս առաջ: Փաստորեն, նրա «ղալմաղալը» կրկին իր պտուղները տվեց: