ArmLur.am-ը ուսումնասիրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 37-րդ համարում ընդգրկված Քնարիկ Հարությունյանի ունեցվածքը, ով այս քարոզարշավի ընթացքում աչքի է ընկնում ակտիվ մասնակցությամբ։ArmLur.am-ը ուսումնասիրեց պաշտոնյայի ներկայացրած տվյալները և համեմատեց տարբեր տարիների պատկերն ու փոփոխությունները։
Քնարիկ Հարությունյանը 2022 թվականի մարտի 15-ից զբաղեցնում է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու անդամի պաշտոնը։ Մինչ այդ՝ 2021 թվականի օգոստոսի 3-ից աշխատել է ՀՀ Ազգային ժողովում՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փորձագետ։
ArmLur.am-ը պարզեց, որ 2024 թվականի հայտարարագրում պաշտոնյան ներկայացրել է 4 միավոր անշարժ գույք։ Նա ունի անհատական բնակելի տուն Գյումրիում, որը ձեռք է բերել ժառանգությամբ (նշված է 03/09/0200 թվական, ինչը, ըստ ամենայնի, տեխնիկական վրիպակ է)։ Բացի այդ, Վայոց ձորի մարզի Արենի համայնքում նա ժառանգությամբ ստացել է երկու հողամաս և բնակելի տուն՝ տնտեսական շինություններով (բոլորը՝ 2022 թվականի հունիսի 30-ին)։2024 թվականի ընթացքում Հարությունյանը օտարել է Արենիում գտնվող բնակելի տունը՝ այն վաճառելով 2 միլիոն 800 հազար դրամով։ Տրանսպորտային միջոց նա չի հայտարարագրել։

Ֆինանսական միջոցների մասով՝ տարվա սկզբին նրա բանկային հաշիվներում առկա է եղել 2 միլիոն 679 հազար 754 դրամ, իսկ տարվա վերջում մնացել է ընդամենը 138 հազար դրամ։ Միաժամանակ հայտարարագրել է 1 միլիոն 500 հազար դրամ կանխիկ գումար։


Եկամուտների մասով պատկերը բավականին ծավալուն է։ ArmLur.am-ը պարզեց, որ 2024 թվականին նրա ընդհանուր եկամուտը կազմել է 14 միլիոն 711 հազար 688 դրամ։ Դրանցից՝
• 5 միլիոն 711 հազար 310 դրամ ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ որպես աշխատավարձ,
• 567 հազար 243 դրամ՝ եկամտային հարկի վերադարձ,
• 33 հազար 135 դրամ՝ «Կանանց իրավունքների տուն» կազմակերպությունից քաղաքացիաիրավական պայմանագրով,
• 8 միլիոն 400 հազար դրամ՝ որպես բանկային վարկ («Հայէկոնոմ բանկ»)։
Տարվա վերջի դրությամբ նրա վարկային պարտավորությունը կազմել է 8 միլիոն 125 հազար 914 դրամ, որը նշված է որպես բնակարանի վարկ։

Քաղաքական գործունեության մասով նա հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և զբաղեցնում է կուսակցության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։

2021 թվական
Համեմատության համար դիտարկելով 2021 թվականի հայտարարագիրը՝ ArmLur.am-ը պարզեց, որ այն ժամանակ Հարությունյանն ունեցել է միայն մեկ անշարժ գույք՝ բաժնային սեփականությամբ։

Նրա ֆինանսական միջոցները զգալիորեն ավելի փոքր են եղել՝ բանկային հաշվում ընդամենը 83 հազար դրամ, կանխիկ՝ 18 հազար դրամ։


2021 թվականին նրա եկամուտը կազմել է 5 միլիոն 96 հազար 770 դրամ, որից՝
• 3 միլիոն 796 հազար 770 դրամ աշխատավարձ՝ Ազգային ժողովից,
• 1 միլիոն 300 հազար դրամ՝ փոխառություն։
Նույն տարվա վերջում նրա վարկային պարտավորությունը կազմել է 630 հազար դրամ։

Այսպիսով, ArmLur.am-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2021-ից մինչև 2024 թվականը Քնարիկ Հարությունյանի ֆինանսական հոսքերը զգալիորեն աճել են՝ ինչպես եկամուտների, այնպես էլ վարկային պարտավորությունների մասով, իսկ գույքային պատկերը համալրվել է ժառանգությամբ ստացված անշարժ գույքերով։
Սոնա Գրիգորյան





























