Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ նախկին պատգամավոր «Թոխմախի Մհեր»-ի որդու դեմ դատախազությունը նոր գործընթաց է սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդու՝ Դավիթ Սեդրակյանին պատկանող ընկերության դեմ Գլխավոր դատախազությունը գործընթաց է սկսել։

Գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան ընդդեմ «Բիդեք» ՍՊԸ-ի՝ պահանջելով հողամասի կառուցապատման իրավունքի հարկադիր դադարեցում։

2023 թվականին Hetq.am-ը գրել էր, որ ԱԺ նախկին պատգամավորի մանդատը վայր դնելուց հետո Դավիթ Սեդրակյանի գործերն այնքան էլ վատ չեն ընթանում․ միայն 2023 թվականի ընթացքում պետական և տեղական ինքնակառավարման տարբեր մարմիններ ընդհանուր 1 մլրդ 335 միլիոն դրամի գնում են կատարել Սեդրակյանին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ից։

Այդ ընկերության հետ այդ տարվա ընթացքում կնքվել է 4 պայմանագիր, որոնցից 2-ը՝ Երևանի քաղաքապետարանը, 1-ը՝ Վաղարշապատի համայնքապետարանը, 1-ն էլ՝ ԿԳՄՍ նախարարությունը։

«Բիդեք» ՍՊԸ-ն ամենախոշոր պատվերը ստացել է Վաղարշապատի համայնքապետարանից։ Մի քանի օր առաջ՝ օգոստոսի 18-ին կնքված պայմանագրի համաձայն՝ Դավիթ Սեդրակյանին պատկանող ընկերությունը 725 միլիոն դրամի դիմաց պարտավորվել է կատարել Էջմիածին քաղաքի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգման և նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության հետ կնքած պայմանագրի արժեքն էլ կազմել է 432 միլիոն դրամ, որի դիմաց «Բիդեք» ՍՊԸ-ն պետք է հիմնանորոգի Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանը։ Այդ պայմանագիրը կնքվել է տարեսկզբին՝ 2023 թ․ հունվարի 24-ին։

Այս տարվա մյուս երկու պայմանագրերի պատվիրատուն եղել է Երևանի քաղաքապետարանը։ Հունիսի 30-ին կնքված պայմանագրի համաձայն՝ «Բիդեք» ՍՊԸ-ն 120 միլիոն դրամի դիմաց պարտավորվել է բարեկարգել Արաբկիր վարչական շրջանում գտնվող թիվ 23 մանկապարտեզի բակը։ Քաղաքապետարանի և «Բիդեք» ՍՊԸ-ի միջև մարտի 1-ին կնքված պայմանագրով էլ ընկերությունը կատարել է Երևանի կենդանաբանական այգու էլեկտրական ներքին ցանցի բարելավման աշխատանքներ, որի համար ստացել է 58 մլն դրամ։

Հիշեցնենք՝ նախորդ տարիներին ևս «Բիդեք» ՍՊԸ-ն խոշոր պատվերներ է ստացել պետական տարբեր գերատեսչություններից։ Օրինակ՝ 2022 թվականին 2,6 միլիարդ դրամի պայմանագիր էր կնքել Քաղաքաշինության կոմիտեն՝ Երևանի պետական կոնսերվատորիայի վերանորոգման աշխատանքների համար։ Այդ մասին «Հետքը» նախկինում հրապարակումներ է ունեցել։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Բիդեք» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009 թվականի ապրիլի 15-ին։ Մինչև 2019 թվականը ընկերության միակ սեփականատերն ու տնօրենը եղել է Գառնիկ Ավետիսյանը։ Վերջինս Դավիթ Սեդրակյանի հոր՝ Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) ընկերն է։ 2019 թվականի փետրվարի 14-ից Գառնիկ Ավետիսյանն իր բաժնեմասի 75 տոկոսը փոխանցել է Դավիթ Սեդրակյանին, և մինչև օրս բաժնեմասերի հարաբերակցությունը չի փոխվել։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս