Ազգային Ժողովի նախագահի ընտրությանն այսօր չմասնակցեցին «Ժառանգությունը», ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը:
Ի տարբերություն ոչ իշխանական մյուս ուժերի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը մասնակցում էր Ազգային Ժողովի նախագահի ընտրությանը:
Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք որոշել են ազատ թողնել մասնակցության հարցը:
«Ովքեր ցանկանան՝ կմասնակցեն, ովքեր չեն ցանկանա` չեն մասնակցի: Յուրաքանչյուր խմբակցություն կարող է իր դիրքորոշումն ունենալ: Մեր դիրքորոշումն է՝ ազատորեն մասնակցել քվեարկությանը», – նշեց նա:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ նշեց, թե քվեարկել է խղճի թելադրանքով:
Հիշեցնենք, որ խորհրդարանում այսօր ընթանում է Ազգային Ժողովի նախագահի ընտրությունները: Թեկնածուները երկուսն են` Գալուստ Սահակյան և Հրանտ Բագրատյան: