Armenian text to speach

Հայաստանը դարձել է Եվրոպայի և Ասիայի միջև փոխկապակցվածության կարևոր հանգույց․ ԵԽ նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում կայացած Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովի ընթացքում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ Հայաստանը վերածվել է Եվրոպայի և Ասիայի միջև փոխկապակցվածության կարևոր հանգույցի՝ ընդգծելով ԵՄ-ի շարունակական աջակցությունը երկրի զարգացման և տարածաշրջանային խաղաղության օրակարգին։

Կոշտան նշել է, որ գագաթնաժողովը կարևոր ուղենիշ է Հայաստան–ԵՄ գործընկերության խորացման ճանապարհին՝ այն բնութագրելով որպես գործընթաց, որը վերջին տարիներին բերել է շոշափելի արդյունքներ քաղաքացիների և տնտեսության համար։

Նրա խոսքով՝ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը չի փոխվել, սակայն երկրի ներսում իրականացվող բարեփոխումները զգալիորեն փոխել են իրավիճակը։ ԵԽ նախագահը բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական զարգացման և բարեկեցիկ պետություն կառուցելու տեսլականը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Կոշտան ընդգծել է, որ ԵՄ-ն շարունակաբար աջակցում է Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգին՝ տրամադրելով ֆինանսական և տեխնիկական օգնություն։

Նա կարևորել է նաև Հայաստանի կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգը՝ այն բնութագրելով որպես քաղաքական կամքի և պետական մտածողության դրսևորում։ ԵԽ նախագահի խոսքով՝ կայուն և խաղաղ Հարավային Կովկասը Հայաստանի զարգացման կարևոր երաշխիք է, իսկ ԵՄ-ն շարունակելու է աջակցել տարածաշրջանային նորմալացման գործընթացներին։

Ելույթում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կապերին․ Կոշտան նշել է, որ տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների զարգացումը կարող է խթանել վստահությունը, ստեղծել աշխատատեղեր և նպաստել երկրների մերձեցմանը։

ԵԽ նախագահը հավելել է, որ Հայաստանը կարող է լիարժեքորեն ապավինել Եվրոպական միության աջակցությանը՝ ինչպես բարեփոխումների, այնպես էլ անվտանգային և ճգնաժամային դիմակայունության ամրապնդման գործընթացներում։

Անի Վարդանյան



Լրահոս