Armenian text to speach

ԵՄ-ն խստացնում է միգրացիոն քաղաքականությունը․ մերժված ապաստան հայցողները կարող են տեղափոխվել ԵՄ-ից դուրս գտնվող կենտրոններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական միության բանակցողները համաձայնության են եկել միգրանտների վերադարձի վերաբերյալ նոր օրենսդրության շուրջ, որը նպատակ ունի արագացնել և մեծացնել ԵՄ տարածքից արտաքսումների թիվը։

Նոր կանոնակարգով անդամ երկրներին թույլատրվելու է ապաստան ստանալու մերժում ստացած անձանց տեղափոխել ԵՄ սահմաններից դուրս գտնվող հատուկ «վերադարձի կենտրոններ» (return hubs)։ Այս մեխանիզմը մի շարք երկրներ արդեն ուսումնասիրում են, սակայն իրավապաշտպան կազմակերպությունները զգուշացնում են, որ այն կարող է հանգեցնել մարդու իրավունքների խախտումների և վերահսկողության թուլացման։

Եվրահանձնաժողովի միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները հայտարարել է, որ նոր համաձայնությունը կօգնի ԵՄ-ին վերականգնել վերահսկողությունը թե՛ այն հարցում, թե ովքեր են մուտք գործում միություն, և թե՛ այն հարցում, թե ովքեր պետք է լքեն այն։ Նրա խոսքով՝ ներկայում մերժված ապաստան հայցողների միայն շուրջ 27 տոկոսն է իրականում հեռանում ԵՄ-ից։

Փաստաթուղթը նախատեսում է նաև ավելի խիստ միջոցներ այն անձանց նկատմամբ, որոնք համարվում են անվտանգության սպառնալիք։ Ներդրվում են տնային խուզարկությունների, երկարատև կալանքի, մուտքի արգելքների և իշխանությունների հետ չհամագործակցողների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորություններ։

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին, որը բանակցություններում ներկայացնում էր Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, հայտարարել է, որ տարիներ շարունակ Եվրոպան սխալ ազդակ էր ուղարկում՝ թույլ տալով բազմաթիվ մարդկանց մնալ ԵՄ-ում նույնիսկ այն դեպքում, երբ նրանք օրինական իրավունք չունեին։ Նրա խոսքով՝ այդ ժամանակաշրջանն ավարտվում է։

Միաժամանակ կանոնակարգը բախվել է կոշտ քննադատության։ Կանաչների խմբակցության ներկայացուցիչ Մելիսա Կամարան այն անվանել է «այլատյաց գաղափարախոսությանը ծառայող իրավական զինանոց»՝ քննադատելով հատկապես ԵՄ-ից դուրս գտնվող կենտրոնների ստեղծման, անչափահասների կալանավորման և բնակարանային ստուգումների դրույթները։

Փախստականների միջազգային կոմիտեի ԵՄ հարցերով տնօրեն Մարտա Վելանդերի գնահատմամբ՝ համաձայնությունը «տագնապալի նոր փուլ» է ԵՄ միգրացիոն քաղաքականության մեջ։ Նրա խոսքով՝ նոր կանոնները կարող են ընդլայնել ձերբակալությունների և արտաքսումների հնարավորությունները, ինչպես նաև մեծացնել այն ռիսկը, որ մարդիկ կվերադարձվեն այնպիսի երկրներ, որտեղ կարող են ենթարկվել հետապնդումների կամ բռնությունների։

Համաձայնագիրը դեռ պետք է պաշտոնապես հաստատվի ինչպես ԵՄ անդամ պետությունների խորհրդի, այնպես էլ Եվրախորհրդարանի կողմից։ Սակայն որոշ դրույթներ, այդ թվում՝ ԵՄ-ից դուրս վերադարձի կենտրոնների ստեղծման հնարավորությունը, կարող են ուժի մեջ մտնել անմիջապես ընդունումից հետո։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս