Ճապոնիայի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Տեղեկությունը հայտնում է Ճապոնիայի ազգային օդերևութաբանական ծառայությունը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյին հարակից Սայտամա պրեֆեկտուրայում՝ ցամաքում, իսկ օջախը՝ մոտ 50 կմ խորության վրա։
Ստորգետնյա ցնցումից մի քանի վայրկյան առաջ գործարկվել է համազգային նախազգուշացման համակարգը, որի միջոցով բնակիչների բջջային հեռախոսներին ուղարկվել է ահազանգ՝ մոտեցող երկրաշարժի մասին։ Համակարգը գործում է նույնիսկ ձայնազրկված ռեժիմում՝ արձակելով բարձր ազդանշան։
Երկրաշարժից անմիջապես հետո հայտարարվել էր ցունամիի վտանգ, սակայն մի քանի րոպե անց այն հանվել է։
Տոկիոյում, ըստ լրատվականի լրագրողի, զգացվել են ուժգին ցնցումներ՝ տատանվել են կահույքը, ընկել են սպասքեղենը։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ այս պահին չեն հաղորդվում։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի


























