Հ. Աբրահամյանը խոսում է Տ. Սարգսյանի հետևից. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին անգամ վարչապետի կարգավիճակով ԱԺ հարցուպատասխանին ներկայացած Հովիկ Աբրահամյանը երեկ չկարողացավ զերծ մնալ իր նախորդին վատաբանելու գայթակղությունից:

Օգտվելով  ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի կողմից տրված հնարավորությունից, այն է` հարցից, թե  ինչպես է  նորանշանակ վարչապետը վերաբերվում իր նախորդի անվան հետ կապվող օֆշորային սկանդալին, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Տիգրան Սարգսյանը ունեցել է թերություններ, բայց սկանդալների կամ այլ ձևակերպումների հետ համաձայն չեմ: Ես որևէ իրավական ձևակերպում կամ որևէ իրավական կառույցի գնահատական չեմ լսել, որ դա ապացուցվել է, հիմնավորվել է: Եթե հիմնավորված լինի, ես շատ բացասական եմ վերաբերվում նման արարքներին, բայց որևէ նման իրավական հիմնավորում չի եղել»:

Այսպիսով` Հովիկ Աբրահամյանը հստակ ասաց, որ  Տիգրան Սարգսյանը մեղավոր չի համարվում սոսկ այն պատճառով, որ առայժմ չկա «որևէ իրավական կառույցի գնահատական», ինչն, ըստ էության, հավասարազոր է նախկին վարչապետի մեղավորության՝  առնվազն հավանականությունը չժխտելուն: Բացի այդ` Հովիկ Աբրահամյանը բացահայտ նշեց, որ իր նախորդը թերություններ ուներ: Հասկանալի է, որ խոսքը նրա ոչ թե մարդկային, այլ պաշտոնեական թերությունների մասին է:

Մի կողմ թողնելով այն երևույթը, թե որքանով է գեղեցիկ պաշտոնից հեռացած գործընկերոջ հետևից նման հայտարարություններ անելը, նկատենք, որ Հովիկ Աբրահամյանն այդպիսով խախտեց իր վերադասի` Սերժ Սարգսյանի կողմից տրված հրապարակային հրահանգը` չփնովել նախորդներին և սեփական գործունեությունը չփորձել կառուցել նրանցից մնացած ծանր ժառանգության մասին արդարացումներով:

Ինչ խոսք, այն, որ Տիգրան Սարգսյանը որպես վարչապետ բազմաթիվ թերություններ ուներ՝ գաղտնիք չէ որևէ մեկի համար: Այդ թերությունները հստակ արտացոլվել են երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա, և Հովիկ Աբրահամյանի  գնահատականը որևէ արտառոց բան չի պարունակում: (Թեև նորանշանակ վարչապետի այս պոռթկումը պայմանավորված էր ոչ թե իր նախորդի կառավարման թերություններով, այլ՝ նրա հետ ունեցած երկարատև մրցակցությամբ):

Սակայն այստեղ խնդիրն այն է, որ իր գործունեության մեջ թերացած երկրի վարչապետին առնվազն պաշտոնանկ են անում` ուղարկելով վատագույն դեպքում՝ դատարան, լավագույն դեպքում` թոշակի: Մինչդեռ Տիգրան Սարգսյանի դեպքում մենք տեսանք ոչ թե հրապարակավ պաշտոնանկություն և կշտամբանք վատ աշխատանքի համար, այլ հակառակը` շնորհակալական խոսքեր և առաջիկայում դիվանագիտական աշխատանքի ուղարկելու առաջարկ:

Հետևաբար, ըստ Հովիկ Աբրահամյանի՝ Սերժ Սարգսյանը հատուկ վերաբերմունք ունի թերություններ ունեցող  պաշտոնյաների հանդեպ:




Լրահոս