ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում ՄԱԿ-ում Կիպրոսի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարիա Միքայելը բողոք է հայտնել Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության ազգային օդային տարածքի, տարածքային ջրերի և միջազգային օդային երթևեկության կանոնների խախտումների դեմ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
ՄԱԿ-ին ներկայացված փաստաթղթում նշվում է, որ մարտից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում Թուրքիան ընդհանուր առմամբ 520 անգամ խախտել է Կիպրոսի օդային տարածքը և 23 անգամ՝ տարածքային ջրերը։
Կիպրական կողմը նաև ընդգծում է, որ գրանցված միջադեպերից բացի, թուրքական ուժերը գրեթե ամեն օր խախտում են կղզում ռազմական ստատուս քվոն՝ միաժամանակ ընդլայնելով իրենց ռազմական ենթակառուցվածքները օկուպացված տարածքներում։
Դեսպան Մարիա Միքայելի խոսքով՝ այդ գործողությունները Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության շարունակական խախտում են և լիովին հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքին։
























































































