Armenian text to speach

ՍԴ-ում ՔՊ ներկայացուցիչ նախարարը ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնող նախագիծ է հեղինակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Սահմանադրական դատարանը քննում է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները, իշխանությունը խորհրդարանում քննարկում է հենց նույն դատարանի դատավորների վարձատրության բարձրացման օրենսդրական նախաձեռնությունը։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախագիծը հեղինակել և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հաստատմանն է ներկայացրել արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որը միաժամանակ Սահմանադրական դատարանում ներկայացնում է իշխող կուսակցության դիրքորոշումը ընտրությունների արդյունքների վիճարկման գործով։

Խոսքը «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ նախատեսող նախագծերի մասին է։

Նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորների համար սահմանել աշխատանքային ստաժի համար հավելավճարների նոր համակարգ։ Ըստ ներկայացված հիմնավորման՝ հավելավճարը կտրամադրվի պաշտոնավարման երկրորդ տարվանից սկսած՝ աճող սկզբունքով. երկրորդ տարում՝ 20 տոկոս, երրորդ տարում՝ 35 տոկոս, իսկ չորրորդ տարվանից սկսած յուրաքանչյուր հաջորդ տարի՝ նախորդ տարվա հավելավճարի չափից ևս 10 տոկոսով ավելի։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը խորհրդարանում դեռ գարնանը՝ ապրիլին հայտարարել էր, որ գործող վարձատրության կառուցվածքը «համարժեք չէ Սահմանադրական դատարանի դատավորների բարձր իրավական կարգավիճակին, սահմանադրական լիազորությունների ծավալին և նրանց գործունեությանը բնորոշ բարձր պատասխանատվությանը»։

Նախարարը նաև նշել էր, որ փոփոխությունների արդյունքում, օրինակ, չորս տարի պաշտոնավարած ՍԴ դատավորի վարձատրությունը կարող է աճել շուրջ 400 հազար դրամով։ Միաժամանակ նախագծի ֆինանսատնտեսական հիմնավորման համաձայն՝ միայն 2026 թվականին ՍԴ նախագահի, փոխնախագահի և յոթ դատավորների հավելավճարների համար պետական բյուջեից կպահանջվի լրացուցիչ 46 մլն 775 հազար դրամ։

Ուշագրավ է, որ նախաձեռնության քննարկումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ հենց Սահմանադրական դատարանում քննվում է ընտրությունների արդյունքների վիճարկման գործը, որտեղ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչը նույն արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն է։ Կարծիք կա, որ այս քայլը ՍԴ դատավորներին շահագրգռելու փորձ է:

Այս համընկնումը քաղաքական ու իրավական շրջանակներում արդեն քննադատվում է՝ հաշվի առնելով, որ օրենքի նախագիծը վերաբերում է այն դատարանի դատավորների սոցիալական երաշխիքներին, որն այս օրերին քննում է ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ամենակարևոր քաղաքական վեճը։

Սոնա Գրիգորյան




Լրահոս