Ռուսաստանի Դաշնություն առանց վիզայի ռեժիմով մեկնող օտարերկրացիների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար վաղվանից՝ 2026 թվականի հուլիսի 1-ից, ուժի մեջ է մտնում նախնական պարտադիր գրանցման պահանջը։ ՌԴ մուտք գործելու համար քաղաքացիներից այսուհետ պահանջվելու է նախապես գրանցվել «RuID» (Госуслуги RuID) միասնական համակարգում։
Ուղևորությունից առաջ անհրաժեշտ է ներբեռնել RuID պաշտոնական հավելվածը և լրացնել համապատասխան հայտը։ Կանոնակարգի համաձայն՝ մուտքի թույլտվության հարցումը պետք է ուղարկել սահմանը հատելուց նվազագույնը 72 ժամ առաջ (առավելագույնը՝ 90 օր շուտ)։ Բացառիկ ու արտակարգ իրավիճակներում, ինչպիսիք են մերձավոր ազգականի ծանր հիվանդությունը կամ մահը, հայտը թույլատրվում է ներկայացնել մեկնումից մինչև 4 ժամ առաջ։
Հավելվածում գրանցման փուլն անցնելու համար ճամփորդից պահանջվում է մուտքագրել անձնագրային տվյալները, վերբեռնել լուսանկար, նշել այցելության նպատակն ու մուտքի և ելքի նախատեսվող ժամկետները։ Որոշակի դեպքերում համակարգը կարող է պահանջել նաև ձայնային նմուշ՝ նախնական կենսաչափական նույնականացում կատարելու նպատակով։ Միևնույն ժամանակ, առցանց գրանցումը չի ազատում սահմանային անցակետերում իրականացվող ստանդարտ ստուգումներից. ուղևորները սահմանին նախկինի պես կարող են անցնել լուսանկարահանման և մատնահետքերի հանձնման ընթացակարգերով։
Այս նոր իրավակարգավորումը չի վերաբերում Բելառուսի քաղաքացիներին, մինչև 6 տարեկան երեխաներին, ինչպես նաև այն անձանց, ովքեր Ռուսաստան են մեկնում վիզայով կամ ունեն դիվանագիտական ու պաշտոնական հատուկ կարգավիճակ։
Ռուսական կողմի փոխանցմամբ՝ նորարարության հիմնական նպատակը միգրացիոն վերահսկողության ամբողջական թվայնացումն է։ Համակարգի միջոցով ստեղծվում է օտարերկրացու թվային պրոֆիլը, որը հետագայում կիրառվելու է թե՛ պետական ծառայություններից օգտվելիս, թե՛ միգրացիոն այլ գործընթացներում։
Անի Վարդանյան























































































