Վարդան Պետրոսյանի առողջությունը վտանգված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ օրերս տեղափոխել են դերասան Վարդան Պետրոսյանին, չկան մասնագիտացված բժիշկներ, ովքեր կկարողանան համապատասխան բուժօգնություն ցուցաբերել:

Այս մասին Armlur.am-ին հայտնեց դերասանի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, ում խոսքերով` «Դատապարտյալների հիվանդանոց»-ում իր պաշտպանյալը ստանում էր համապատասխան բուժումը:

«Վարդան Պետրոսյանը ռեաբիլիտացիայի կարիք ունի, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մասնագիտացված բժիշկների բացակայության պատճառով չի կարող ստանալ: Նա մաքուր օդի դուրս գալու հնարավորություն անգամ չի ունենա: Եթե մարդիկ ազատության մեջ են լինում, ռեաբիլիտացիոն բուժում են ստանում»,- ասաց փաստաբանը` տեղեկացնելով, որ դիմել է անկախ բժիշկների` իմանալու համար` որքանով է հնարավոր Վարդան Պետրոսյանի ներկայիս առողջական վիճակում ՔԿՀ-ում գտնվելը:

«Եթե պարզվի, որ հնարավոր չէ, որ Վարդան Պետրոսյանը գտնվի ՔԿՀ-ում, ապա պետք է պարզաբանեն` ինչ հիմունքներով են նրան այնտեղ պահում»,- ասաց Բաղդասարյանը:

Վերջինիս գնահատմամբ` իրավապահ մարմինները, գիտակցելով Վարդան Պետրոսյանին «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխելու վտանգի լրջությունը, այնուամենայնիվ, հետ չեն կանգնել այլ քայլից և դուրս են գրել «Դատապարտյալների» հիվանդանոցից:

Տաթև Հարությունյան




Լրահոս