Հաշվարկային դրույքի (այսուհետ՝ ՀԴ) հերթական վերանայմամբ պայմանավորված` 2026 թվականի օգոստոսի 3-ին Արդշինբանկը 1–2.5 տոկոսային կետով նվազեցրել է ՀԴ-ով տրամադրված ավելի քան 155.7 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 7,779 վարկի անվանական տոկոսադրույքը։ Փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2026 թվականի սեպտեմբերի 5-ից և զգալի ազդեցություն կունենա մի քանի հազար ընտանիքի վրա՝ հնարավորություն տալով խնայել գումար և վերաբաշխել իրենց ծախսերը։
«Արդշինբանկը, հավատարիմ մնալով օրենսդրական պահանջների անվերապահ կատարմանը և իր կողմից որդեգրած թափանցիկ գործունեության սկզբունքներին, վերանայել է հաշվարկային դրույքով տրամադրված վարկերի տոկոսադրույքները։ Վերանայման արդյունքում բանկի հաճախորդները, մինչև հաջորդ վերանայումն ընկած ժամանակահատվածը, կխնայեն մոտավորապես 705 մլն ՀՀ դրամ: Այս նվազեցմամբ, մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք Արդշինբանկը՝ որպես պատասխանատու բանկ և վարկատու։ Մեր նպատակն է, որ հաճախորդները ոչ միայն օգտվեն իրենց կարիքներին համապատասխան ֆինանսական ծառայություններից, այլև զգան շուկայական փոփոխությունների դրական ազդեցությունը», – նշել է Արդշինբանկի վարչության անդամ, մանրածախ բիզնեսի տնօրեն Միհրան Մուրադյանը:
Բանկը իջեցրել է ՀԴ հիմքով լողացող տոկոսադրույքով բոլոր գործող վարկերի տոկոսադրույքները 1 տոկոսային կետով, իսկ հաստատուն (ճշգրտվող) տոկոսադրույքով տրամադրված այն հիփոթեքային վարկերի համար, որոնց տրամադրման ժամկետից անցել է 36 ամիս, նվազեցումը տրամադրման պահի համեմատ կազմել է 2.5 տոկոսային կետ։
Հիշեցնենք, որ ՀԴ-ի հաշվարկման հիմք է հանդիսանում ՀՀ պետական (գանձապետական) պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերությունը։ ՀԴ-ն վերանայվում է տարեկան երկու անգամ՝ փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին։
Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի ավելի քան 912,000 հաճախորդ, որոնց սպասարկում է բանկի 2,400-ից ավելի աշխատակից։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 73 մասնաճյուղերով։
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: (Գ)
























































































