Գործադիրը սահմանել է Սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ իրականացնող հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տեխնիկական միջոցները, օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլները ՋիՊիԷս (Գլոբալ տեղորոշման համակարգ) համակարգով կահավորելու և այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին անխափան միացված լինելու պայմանները։
Սահմանվել է նաև նշյալ համակարգով ստացվող տվյալներին հասանելիություն ունեցող մարմինների ցանկը, տվյալների մշակման ու փոխանակման կարգը, համակարգի անվտանգության ապահովման պահանջները, համակարգից օգտվելու կարգը և համակարգի շահագործման կանոնները։ Կարգավորումները նպատակաուղղված են սահմանային շերտում օգտակար հանածոների արդյունահանման և տեղափոխման գործընթացի թափանցիկության բարձրացմանը, ինչը հնարավոր կդառնա հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների, ինչպես նաև օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների՝ ՋիՊիԷս (GPS) համակարգով պարտադիր կահավորման, դրանց սերվերային ենթակառուցվածքին անխափան միացման, ինչպես նաև տվյալների մշակման, փոխանակման և անվտանգության հստակ կանոնների սահմանման միջոցով։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա 2-րդ հավելվածով սահմանված պետական մարմիններին հասանելիություն ունենալ տեխնիկական և տրանսպորտային միջոցների տեղաշարժի վերաբերյալ տվյալներին և դրանք օգտագործել վերահսկողական նպատակներով։
Արդյունքում՝ կձևավորվի սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում շահագործվող տեխնիկական և տրանսպորտային միջոցների տեղաշարժի գրանցման, տվյալների պահպանման և պետական մարմիններին տրամադրման իրավական ու կազմակերպական մեխանիզմ։ Կարգավորումների ներդրմամբ կբարձրանա ընդերքօգտագործման գործընթացի թափանցիկությունը, կնվազեցվեն ապօրինի արդյունահանման և տեղափոխման ռիսկերը, ինչպես նաև կապահովվի տվյալների արդյունավետ փոխանակումը պետական լիազոր մարմինների միջև։






















