«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկումների արդյունքում որոշում է կայացվել չընտրել ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում թեկնածուներին։
ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին ՔՊ-ում որոշված է ընտրել միայն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Լիլիթ Գալստյանի թեկնածությունը։ Նրա թեկնածությունն առաջադրել է «Հայաստան» խմբակցությունը։
Միաժամանակ, ըստ մեր տեղեկությունների, իշխանական խմբակցությունը չի պատրաստվում աջակցել «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված՝ Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանին։
ՔՊ-ում չեն պատրաստվում ընտրել նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Դավիթ Ղազինյանին, ինչպես նաև ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Հայկ Ֆարմանյանին։
ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ խմբակցության ներսում այս հարցի քննարկումների ժամանակ գերակշռել է այն տեսակետը, որ նշված թեկնածուները համապատասխան հանձնաժողովների աշխատանքը ղեկավարելու համար բավարար փորձ և կարողություններ չունեն։
Սոնա Գրիգորյան




























