Դիլիջանի ջրերը պղտորվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդային  տարիներին նկարահանված, հանրահայտ «Միմինո» ֆիլմում դրվագ կա, երբ  վարորդ Խաչիկյանը պարծենալով վրացի  Վալիկոյի մոտ, ասում է, որ իրենց տանը՝ Դիլիջանում, ծորակը բացում է, ու հոսող ջուրն իր որակական հատկանիշներով աշխարհում երկրորդ տեղն է գրավում՝ Սան Ֆրանցիսկոյի ջրից հետո: Իրականում Դիլիջան քաղաքի բնակիչներին մատակարարվող  ջուրն ամեն տարվա գարնանը և աշնանը  պղտորվում է: Դրա պատճառն այն է, որ  առողջարանային քաղաքը ստանում է  մակերեսային, այսինքն՝ գետի ջուր, որը հեղեղումներից պղտորվում է :

Ապրիլի 9-ին Դիլիջանի խմելու  ջուրը կրկին պղտորվել  է: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Դիլիջան» մասնաճյուղի տնօրեն Վարդան Մնացականյանը մեզ  կես կատակ կես լուրջ ասաց, որ այդ պատճառով քաղաքում «կռիվ, ղալմաղալ է» եղել: Լաբորատոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ  մատակարարված  պղտոր ջրի մեջ աղիքային ցուպիկների թիվը 46 անգամ գերազանցել  է  թույլատրելի չափաքանակը:

Վարդան Մնացականյանի վստահեցմամբ՝  այդ ցուպիկները վտանգավոր չեն մարդու առողջության համար:  Նա հայտնեց, որ Դիլիջան քաղաքը խմելու ջուր է  ստանում 7 ջրաղբյուրներից, մաքրման 3 կայանների միջոցով: Մաքրման 2 կայանները՝ Ֆրոլովոն և Գալավինոն, հիմնանորոգվել են: «Դիլիջան» մասնաճյուղի տնօրենի խոսքերով՝ այս տարի կվերանորոգվի նաև 3-րդ մաքրման կայանը՝ Բլդանը:

Մնացականյանը նաև նշեց,  որ   ջրի պղտորվելը բացառելու համար   Ֆրոլովոյում կառուցվել է  ջրի մատակարարման դրենաժային համակարգ: Գետի մեջ, 2 մետր խորությամբ տեղադրվել են խողովակներ, որոնց միջով  հոսում  է մատակարարվող ջուրը:  Առաջիկայում դրենաժային համակարգ  կկառուցվի  նաև  այլ  հատվածներում:

Վ. Մնացականյանը մեզ հավաստիացրեց, որ իրենք ամենօրյա հսկողություն են իրականացնում մատակարարող ջրի որակի նկատմամբ, մասնաճյուղը հագեցած է արդիական լաբորատոր սարքավորումներով, որոնցում ջուրը հետազոտության է ենթարկվում:  Իսկ  ապրիլի 9-ի ջրի պղտորման պատճառը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Դիլիջան» մասնաճյուղի տնօրենը համարեց  սարերի ձնհալքը: Նրա խոսքերով՝ իրենք վարարումների ժամանակ փականներով նվազեցնում են ջրի քանակը, որպեսզի պղտորումները քիչ լինեն:

Դիլիջանում գործարկվել ու գործարկվում են տասնյակ առողջարաններ և հանգստյան տներ, ամեն տարեմուտին և ամռանը Դիլիջանի հանգստյան տներում, հյուրանոցներում, առողջարաններում և հովեկներին ընդունող մասնավոր տներում ազատ տեղեր չեն լինում: Առաջիկայում շահագործման կհանձնվի հարյուրավոր սաների համար նախատեսված Դիլիջանի միջազգային դպրոցը:

Ուստի` պետք է բացառվի Դիլիջանի բնակչությանը և տարբեր հիմնարկություններին պղտոր ջրի մատակարարումը: Դա կարող է խաթարել  տարիներով ձևավորված Դիլիջանի զբոսաշրջային  համբավը:

Ոսկան Սարգսյան




Լրահոս