Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների ղեկավարները կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում ստորագրել են Բիշքեկի հռչակագիրը։ Այս մասին հայտնել է գագաթնաժողովի կազմկոմիտեն։
Հռչակագիրը նվիրված է ՇՀԿ-ի հիմնադրման 25-ամյակին։
Բիշքեկի հռչակագրից բացի՝ կողմերը ստորագրել են ևս 27 փաստաթուղթ։ Դրանց թվում են ՇՀԿ անդամ երկրների անվտանգությանն ուղղված մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի համընդհանուր կենտրոնի գործունեությունը կարգավորող կանոնակարգը, ինչպես նաև կազմակերպության անդամ երկրների նավահանգիստների և լոգիստիկ կենտրոնների զարգացման՝ 2026-2030 թվականների գործողությունների ծրագիրը։
Գագաթնաժողովի շրջանակում ստորագրվել է նաև միջուկային և միջուկային ֆիզիկական անվտանգության ոլորտում բազմակողմ գործընկերության ամրապնդման մասին հռչակագիր։
ՇՀԿ անդամ երկրների ղեկավարները նաև հայտարարություն են ընդունել էներգետիկ համակարգերի ոլորտում համագործակցության զարգացման վերաբերյալ։
Փաստաթղթերի թվում է նաև 2026-2030 թվականների համար ՇՀԿ-ի «Կանաչ տեխնոլոգիաների միջանցքի» ստեղծմանն ուղղված համագործակցության ծրագիրը։
Այսպիսով, գագաթնաժողովի արդյունքում ՇՀԿ անդամ երկրները պայմանավորվածություններ են ձեռք բերել անվտանգության, էներգետիկայի, լոգիստիկայի և կանաչ տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։
Անի Վարդանյան

























