Armenian text to speach

7–9 մլն դոլար՝ Ամուլսարի համայնքներին․ ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ ուր կգնան գումարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարեկան 7–9 մլն ԱՄՆ դոլար՝ Ամուլսարի ազդեցությունը կրող համայնքների զարգացման ծրագրերի համար․ «Լիդիան Արմենիայի» կողմից տրամադրվող այս միջոցների տնօրինման մեխանիզմը նախատեսվում է իրականացնել եռակողմ համաձայնագրով, որը  ստորագրել են ՀՀ կառավարությունն՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության, «Լիդիան Արմենիան» և ազդակիր համայնքները։

Ծրագիրն ընդգրկում է Սիսիան, Ջերմուկ և Վայք համայնքները։ Նախատեսվում է, որ միջոցները կուղղվեն համայնքների զարգացման առաջնահերթություններին՝ մասնավորապես ենթակառուցվածքների, կրթության, առողջապահության և համայնքային այլ ծրագրերի իրականացմանը։

«Լիդիան Արմենիայի» սոցիալական բաժնի ղեկավար Լուսինե Հակոբյանը Տնտեսական լրագրողների ակումբի հետ զրույցում նշեց, որ կարևոր սկզբունքն այն է, որ ֆինանսավորվեն հենց համայնքների կողմից առաջնահերթ համարվող ծրագրերը։

Միջոցների կառավարման համար առաջիկայում նախատեսվում է ստեղծել Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամ, որը հանդես կգա որպես ծրագրի իրականացման երրորդ կողմ։ Ֆինանսավորման վերաբերյալ որոշումները կկայացնի հիմնադրամի խորհուրդը։

Խորհուրդը բաղկացած կլինի 7 անդամից․ չորսը կներկայացնեն «Լիդիան Արմենիան», իսկ երեքը՝ համապատասխան ազդակիր համայնքները։ Որոշումները կկայացվեն ձայների մեծամասնությամբ։

Լուսինե Հակոբյանի խոսքով՝ խորհրդի հիմնական գործառույթը լինելու է ֆինանսավորման վերաբերյալ որոշումների կայացումը, իսկ հիմնադրամի գործիքակազմն ապահովելու է ծրագրերի առավել արդյունավետ իրականացումը։

Տարեկան սոցիալական ներդրումը շահագործման փուլում լինելու է 7 մլն դոլար։ Այդ գումարը կարող է հասնել 9 մլն դոլարի, եթե միջազգային շուկաներում ոսկու մեկ ունցիայի գինը գերազանցի 3550 դոլարը։ Ներդրումների տրամադրման սկիզբը հաշվարկվում է 2025թ․ հուլիսից՝ շինարարության մեկնարկի ամսաթվից, ուստի առաջին հատկացումը լինելու է 1,5 տարվա համար և կազմելու է 10,5 մլն դոլար։

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ ընտրված մեխանիզմը պետք է ապահովի միջոցների հստակ և թափանցիկ ծախսումը։ Նախատեսվում է, որ տարեկան ֆինանսավորումը կիրականացվի եռամսյականին կտրվածքով, իսկ դրա արդյունքում իրականացված ծրագրերի ազդեցությունը համայնքների վրա առավել տեսանելի կլինի մի քանի տարվա ընթացքում։

Միջոցները կարող են ուղղվել ենթակառուցվածքների բարելավմանը, կրթական և առողջապահական հաստատությունների ու ծրագրերի զարգացմանը, ինչպես նաև համայնքային նշանակության այլ սոցիալ-տնտեսական նախաձեռնությունների։

Այսպիսով, ծրագրի հայտարարված նպատակը համայնքների համար կայուն, երկարաժամկետ և ոչ թե անհատական բնույթի արդյունք ապահովելն է։

Ո՞վ է որոշելու՝ ինչի վրա ծախսել գումարը

Եռակողմ համաձայնագրի շուրջ քննարկումները, ըստ ընկերության, տևել են ավելի քան ութ ամիս։ Ֆինանսական միջոցների տնօրինումն իրականացնելու է Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամը, իսկ ծրագրերի վերաբերյալ որոշումները՝ հիմնադրամի խորհուրդը։

Միևնույն ժամանակ, եթե որևէ ծրագիր ֆինանսավորվի, դրա իրականացման համար կապալառուի ընտրությունը նախատեսվում է վերապահել համայնքին։ Հիմնադրամը ևս մասնակցություն կունենա գործընթացին։

Միջոցների բաշխման մեկ այլ կարևոր առանձնահատկություն էլ կա․ հանքի ազդեցությունը կրող բնակավայրերին պարտադիր ուղղվելու է խոշորացված համայնքին հատկացրած ընդհանուր գումարի առնվազն 20 տոկոսը։

Այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Սիսիանը, Ջերմուկը և Վայքը խոշորացված համայնքներ են, և դրանց կազմում ընդգրկված են նաև այլ բնակավայրեր․ շատ կարևոր է, որ ազդակիր բնակավայրերն ունենան երաշխավորված մասնաբաժին

Ջերմուկը՝ որպես առանձին զգայուն ուղղություն

Ծրագրի շրջանակում առանձին ուշադրության է արժանանում Ջերմուկը՝ որպես առողջարանային քաղաք։ Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ հաշվի է առնվել քաղաքի առողջարանային միջավայրի պահպանման անհրաժեշտությունը։

Այդ համատեքստում «Լիդիան Արմենիայում» նշում են, որ աշխատողների համար ստեղծվել է առանձին կացարանային ենթակառուցվածք, որպեսզի նրանց կենցաղային կարիքները հնարավորինս չազդեն Ջերմուկ քաղաքի առողջարանային միջավայրի վրա։

Ընկերության տեսլականով՝ Ջերմուկի հետագա զարգացումը պետք է կապված լինի բարելավված ենթակառուցվածքների և ծառայությունների միջոցով առողջարանային քաղաքի դիրքի ամրապնդման հետ։

Ի վերջո, ծրագրի իրական արդյունավետությունը կախված կլինի ոչ միայն տրամադրվող միլիոնավոր դոլարների չափից, այլև նրանից, թե որքան թափանցիկ և մասնակցային կլինի դրանց բաշխման գործընթացը, ինչ ծրագրեր կառաջարկվեն և կընտրվեն և ինչ չափելի արդյունք դրանք կապահովեն համայնքների բնակիչների համար։ (Գ)




Լրահոս