Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը գրում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև Զանգեզուրի միջանցքով նախատեսվում է էլեկտրաէներգետիկ նոր կապ ստեղծել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը՝ Ադրբեջանի և Թուրքիայի էներգետիկայի 5-րդ համաժողովի ընթացքում ունեցած ելույթում։
Շահբազովի խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան նախատեսում են ընդլայնել իրենց ստեղծած էներգետիկ կապերը՝ նավթի և գազի նախագծերին զուգահեռ զարգացնելով էլեկտրաէներգետիկ և «կանաչ էներգիայի» միջանցքները։ Նպատակն է Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի «կանաչ էներգիան» Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով հասցնել Եվրոպա։
Ադրբեջանի էներգետիկայի նախարարը նշել է, որ այս մոտեցման շրջանակում նախատեսվում է նաև Նախիջևանը Զանգեզուրի միջանցքով միացնել Ադրբեջանի միասնական էլեկտրաէներգետիկ համակարգին։
«Այս ուղղությամբ Ջրականում արդեն ստեղծվել է էներգետիկ ենթակառուցվածք։ Հաջորդ փուլում նախատեսվում է Զանգեզուրի միջանցքով էլեկտրաէներգետիկ կապ հաստատել Նախիջևանի և Թուրքիայի հետ։ Այսպիսով, խոսքը Ադրբեջանի և Թուրքիայի միջև էլեկտրահաղորդման նոր գծի մասին է»,– ասել է Շահբազովը։
Նա նաև նշել է, որ նախագիծը հնարավորություն կտա փոխկապակցել Կասպից ծովի երկու ափերին գտնվող թյուրքական պետությունների էներգետիկ համակարգերը։
Անի Վարդանյան




























