ՕԵԿ-ՈՒՄ ԱՅԺՄ ԲԻՇԱՐՅԱՆՆ Է ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական այցով Շվեյցարիա մեկնած ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը նոյեմբերի 15-ին հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, անվտանգության հանձնաժողովի նախագահ Ուլի Մաուրերի, Շվեյցարիայի պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության եւ սպորտի դաշնային նախարարության լիազոր նախարար Քրիստիան Կատրինայի, արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Իվ Ռոսսիերի հետ:

Թեեւ պաշտոնական հաղորդագրություններում նշված է, թե այդ հանդիպումների ընթացքում ինչ խնդիրներ են քննարկվել, այնուամենայնիվ, բազմաթիվ հարցեր կան, որոնք պատասխաններ են պահանջում: Օրինակ՝ այն, թե ինչն էր Ա. Բաղդասարյանին ստիպել Շվեյցարիայի անվտանգության հանձնաժողովի նախագահի հետ քննարկել հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր: «Ժողովուրդ»-ը կփորձի այս հարցերի պատասխանները ստանալ առաջիկայում: Իսկ առայժմ հստակ է մեկ բան. Ա. Բաղդասարյանը քննարկել է ՀՀ-ի հետ կապված այնպիսի հարցեր, որոնք չեն առնչվում ԱԱԽՔ-ի գործառույթներին:
Մինչ ՕԵԿ առաջնորդը Շվեյցարիայում քննարկում էր Հայաստանի համար կարեւորագույն հարցեր, նրա ղեկավարած կուսակցության ներսում կրքերն ամենեւին էլ հանդարտ չէին: «Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ ՕԵԿ-ում այժմ լուրջ տարաձայնություններ են` ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանի` մանդատը վայր դնելու որոշումից հետո ԱԺ ուղարկվելիք նոր թեկնածուի շուրջ, որը, ըստ ցուցակի, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան է` Լեւոն Դոխոլյանը: Նրա պահվածքին եւ «Քույրիկ Լեւոն» ածականին, կարծում ենք, ավելորդ անգամ անդրադառնալու հարկ չկա:
Սակայն ՕԵԿ-ի ներսում թեժացող կրքերին ստիպված ենք անդրադառնալ` ներկայացնելով «Ժողովուրդ»-ի ստացած էլեկտրոնային նամակում բարձրաձայնված խնդիրները: Մեզ դիմած ՕԵԿ-ականներն իրենց դժգոհությունն են հայտնել Հ. Բիշարյանի գործունեությունից` նշելով, որ «նա, ըստ էության, իրականացնում է ՕԵԿ առաջնորդի գործառույթները եւ անձամբ է որոշում, թե կուսակցության ներկայացուցիչներն ինչով պետք է զբաղվեն»: Իսկ այն կուսակցականները, որոնք համարձակվում են որեւէ հարցում հակադարձել Հ. Բիշարյանին, նվազագույնն արժանանում են Ա. Բաղդասարյանի քամահրանքին, քանի որ Հ. Բիշարյանի կարծիքն Ա. Բաղդասարյանն ընդունում է անվերապահորեն:
«Ժողովուրդ»-ին հասցեագրված նամակում նշվում է. «Լեւոն Դոխոլյանը Շենգավիթի ՕԵԿ պատասխանատուն է, սակայն նրա փոխարեն այնտեղ միշտ գործ է անում Հեղինե Բիշարյանը… Հիմա նա «արդարացիորեն» Բաղդասարյանից վերցնում է «իրեն հասանելիք» մանդատը: Բիշարյանն այստեղ ՕԵԿ-ում հայտարարում է, թե էդքան գործ է անում, բա մի մանդատ էլ չի հասնո՞ւմ իր բարեկամին: Այս սկանդալային իրադարձությունը «սպառնում» է օր օրի անդունդը գլորվող ՕԵԿ-ում վերածվել նոր խռովությունների: Մանդատը Բիշարյանի փեսային տալու հեռանկարը վրդովվեցրել է նաեւ բազմաթիվ ՕԵԿ-ականների, ովքեր պատրաստվում են վերանայել իրենց մոտեցումները ՕԵԿ-ի ու մասնավորապես Արթուր Բաղդասարյանի նկատմամբ»:
Այնուհետ նամակագիրները նշում են. «Երկար տարիներ ՕԵԿ-ում աշխատած բազմաթիվ իսկապես նվիրյալներ պատրաստվում են դուրս գալ կուսակցությունից, քանի որ ըստ նրանց ՕԵԿ-ն արդեն վերածվել է Արթուր Բաղդասարյանի եւ Հեղինե Բիշարյանի ընտանեկան բիզնեսի նման մի բանի, իրենց բարեկամներին ու հարազատներին պաշտոններ բաժանելու միջոցի, ավելին` որտեղ Արթուր Բաղդասարյանի փոխարեն արդեն պատգամավոր է փոխում կամ նշանակում Հեղինե Բիշարյանը, իսկ Բաղդասարյանը ոչ մի կերպ չի կարողանում հակադրվել նրան: Լեւոն Դոխոլյանին պատգամավոր կարգելու Բիշարյանի վերջին հաղթանակը բնականաբար այս շարքից է»: Իսկ վերջում էլ նամակագիրները ՕԵԿ-ի համար շատ վատ ապագա են կանխատեսում` նշելով, որ եթե Հ. Բիշարյանն այսպես շարունակի, ՕԵԿ-ից կմնա 5-հոգանոց խմբակցություն՝ Բիշարյանի բարեկամներով հանդերձ:
Նամակում բարձրաձայնված խնդիրների շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզաբանում ստանալ ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից: Վերջինս վստահեցրեց, թե իրականում ՕԵԿ-ում նման իրավիճակ չի տիրում. «Չգիտեմ՝ ինչ դժգոհությունների մասին է խոսքը, բայց կարող եմ ասել, որ Լեւոն Դոխոլյանը դեռ պատգամավոր չէ, քաղաքական խորհուրդը դեռ չի քննարկել եւ վերջնական որոշում չի կայացրել, թե ով է լինելու Խ. Հարությունյանի փոխարեն: Առաջիկա օրերին կլինի քաղխորհրդի նիստ, ու կուսակցությունը որոշում կկայացնի: Տարաձայնությունների մասին ես չեմ կարող ասել… Եթե որոշում չկա, ենթադրելի է, որ չի էլ կարող լինել տարաձայնություն կամ, չգիտեմ, մեկ այլ բան, ինձ նման որեւէ բան հայտնի չէ»:
Ինչպես երեւում է, ՕԵԿ քաղխորհրդի նիստը «թեժ» է լինելու:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս