Սեպտեմբերի 26-ին խոշոր յուրացումների գործով հարցաքննված, իսկ նոյեմբերի 14-ին կալանավորված ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի հարազատներին կատարվածը շոկի մեջ է գցել: Նրա մայրը` Աղուն Մարտիրոսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե իր որդին ասել է. «Արդար եմ, արդար էլ դուրս կգամ»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին աղմկահարույց բացահայտում էր կատարվել դատական կարգադրիչների համակարգում: Պարզվել էր, որ մի քանի տասնյակ անձինք գրանցված են եղել դատական կարգադրիչների ծառայությունում, սակայն չեն ներկայացել աշխատանքի, փոխարենը նրանց աշխատավարձերը ստացել ու յուրացրել են այլ անձինք: Ընդ որում, չարաշահումներն ընդգրկել են ընդհանուր իրավասության տարբեր դատարանների դատական կարգադրիչների կառույցներ:
Այսպես, գործի շրջանակում որպես մեղադրյալ ներգրավվել է 19 անձ, եւս 2 հոգի գտնվում է կասկածյալի կարգավիճակում: Այս առիթով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետի (առանձնապես խոշոր չափերի խարդախություն) եւ 314-րդ հոդվածի (պաշտոնական կեղծիքը) հատկանիշներով:
Սեպտեմբերի 26-ին էլ ոստիկանությունում կաշառակերության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվեց դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը, որն ավելի ուշ ստորագրությամբ ազատ արձակվեց: Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ ու 2 օր հետո պարզվեց, թե ինչ խոստման դիմաց էր նա ազատ արձակվել: Սեպտեմբերի 28-ին ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատեց Մ. Մարտիրոսյանին:
Բայց կարծես թե ինչ-որ պայմանավորվածություն խախտվեց դատական դեպարտամենտի նախկին ղեկավարի մասով, եւ նա մեկուկես ամիս հետո ձերբակալվեց, ապա կալանավորվեց: Մարտիրոսյանը մեղադրվում է ՀՀ քր. օր.-ի 311-րդ հոդվածի 1-ին մասի (կաշառք ստանալը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով) եւ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի (նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-10 տարի ժամկետով) հատկանիշներով: Նկատենք, որ Մարտիրոսյանի գործը որեւէ կապ չունի դատական կարգադրիչների հայտնի գործի հետ, այն այլ քրգործ է:
Ի՞նչ է կատարվում իրականում, արդյո՞ք Մ. Մարտիրոսյանը խոշոր կաշառակերության «հեղինակ» է, թե՞ նրան էլ դարձրին քավության նոխազ՝ փրկելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ն այցելեց Միսակ Մարտիրոսյանի տուն: Մեզ հետ զրույցում նրա մայրը՝ Աղուն Մարտիրոսյանը, ասաց, որ իր որդին ունակ չէր նման բան անելու. «Ոչինչ չեմ կարող Ձեզ ասել, քանի որ մենք էլ կատարվածից հետո շատ վատ վիճակում ենք գտնվում: Ես հարյուր տոկոս իմ մայրական բնազդի վրա վստահ եմ, որ նա նման բան անող չէր: Որպես իր մայր՝ ես մահամերձ վիճակում եմ, այդպես էլ գրե՛ք: Ու ինչ ուզում եք, գրե՛ք, բայց մի բան հաստատ է, նա չէր անի նման բան: Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ վիճակում ենք մենք»:
«Ժողովուրդ»-ի հարցին՝ եթե իր որդին արդար է, ապա ինչու կալանավորվեց, մայրը պատասխանեց. «Ես միայն կարող եմ ասել՝ երբ այս ամենն ի հայտ եկավ, իմ որդին ինձ ասաց, որ ինքն արդար է, արդար էլ դուրս կգա»:
Հաշվի առնելով Մ. Մարտիրոսյանի մոր խոսքերը՝ կարելի է ենթադրել, որ դատական դեպարտամենտի կաշառակերության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում դեռ ուշագրավ զարգացումներ են սպասվում: Հետաքրքիր է, արդյո՞ք Մ. Մարտիրոսյանը ցուցմունք կտա իր վերադասի՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանի դեմ, թե՞ ամեն ինչ կավարտվի առավել վերեւում գտնվող «խոշոր ձկներին» պատասխանատվությունից ազատելով:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ