Armenian text to speach

ԱՄՆ-ն ու Իրանը գաղտնի բանակցություններ են վարում․ Թրամփը չի բացառում պատերազմի ավարտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն և Իրանը գաղտնի բանակցություններ են վարում՝ նպատակ ունենալով հասնել համաձայնության, որը կարող է կանխել Մերձավոր Արևելքում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը։ Բանակցություններն ակտիվացել են ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից հետո, իսկ միջնորդի դերում հանդես է գալիս Քաթարը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ նոր ռազմական հարվածները «շատ քիչ հավանական» են, եթե Թեհրանը առաջընթաց գրանցի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու հարցերում։ Նա նաև նշել է, որ այս պահին Իրանի դեմ լրացուցիչ ռազմական գործողությունների անհրաժեշտություն չի տեսնում՝ միաժամանակ ընդգծելով, որ Վաշինգտոնը պատրաստ է ռազմական տարբերակին, եթե իրավիճակը փոխվի։

Բանակցությունների հիմնական տարաձայնությունները վերաբերում են Իրանի միջուկային ծրագրին, բարձր հարստացված ուրանի պաշարներին, Հորմուզի նեղուցի վերահսկողությանը և ԱՄՆ պատժամիջոցներին։ Վաշինգտոնը ցանկանում է կանխել Իրանի՝ միջուկային զենք ստեղծելու հնարավորությունը, իսկ Թեհրանը հրաժարվում է զիջումների գնալ իր միջուկային ծրագրի հարցում և պահանջում է նաև տնտեսական սահմանափակումների մեղմացում, սառեցված ակտիվների ապասառեցում։

Իրանը նաև ԱՄՆ-ից փոխհատուցում է պահանջում երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և բարձրաստիճան զինվորականների սպանության համար՝ փետրվարի վերջին իրականացված օդային հարվածների հետևանքով։

Քաթարն արդեն շրջանառում է համաձայնության շրջանակային փաստաթուղթ, որը փոփոխությունների է ենթարկվում երկու կողմերի կողմից։ Այդուհանդերձ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ բանակցություններում դեռևս բեկում չկա, իսկ Իրանի ներկայացրած պահանջները Վաշինգտոնը համարում է անընդունելի և անիրատեսական։

Չնայած դիվանագիտական ակտիվությանը՝ ռազմական բախումների վերսկսման վտանգը պահպանվում է։ ԱՄՆ-ն շարունակում է ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում, իսկ Իրանը սպառնում է հնարավոր նոր հարվածների դեպքում ընդլայնել հակամարտության աշխարհագրությունը։ Միաժամանակ իրանական կողմի կոշտ դիրքորոշումը և Թեհրանի ներսում համաձայնությանը հնարավոր ընդդիմությունը բարդացնում են բանակցային գործընթացը։

Այսպիսով, թեև Թրամփը լավատեսություն է հայտնել հակամարտության մոտալուտ ավարտի վերաբերյալ, դեռևս պարզ չէ՝ կողմերը կկարողանա՞ն հաղթահարել հիմնական տարաձայնությունները և հասնել համաձայնության։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս