Նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արձանագրված՝ կալանավորված անձ Արսեն Գևորգյանի մահվան դեպքին առնչվող՝ ՄԻՊ մանդատին վերաբերելի հարցերն ուսումնասիրելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն։ Դրա շրջանակում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։
«Պաշտպանն ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման, այդ թվում՝ կյանքի և առողջության պաշտպանության պարտավորությունը գտնվում է պետության պատասխանատվության ներքո։ Պետությունը պարտավոր է ապահովել նաև մահվան դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը։
Մարդու իրավունքների պաշտպանն իր ցավակցությունն է հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին և նրա հարազատներին»,– ասվում է հաղորդագրությունում։




























