ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 12-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ առևտրի պալատի (U.S. Chamber of Commerce) ներկայացուցիչների և ամերիկյան առաջատար ընկերությունների մասնակցությամբ։
Հանդիպմանը մասնակցել են, մասնավորապես, VISA, Mercuria, FedEx և մի շարք այլ ընկերությունների ներկայացուցիչներ։ Քննարկման նպատակն էր ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական և արդյունաբերական ներուժը, ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները և Հայաստանում ներդրումային ու գործարար գործունեության ընդլայնման հեռանկարները։
Նախարար Դավիթ Թադևոսյանը ներկայացրել է Հայաստանի՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական և ինժեներական կենտրոնի զարգացման տեսլականը՝ ընդգծելով երկրի մարդկային կապիտալը, տեխնոլոգիական էկոհամակարգը և բարձր ավելացված արժեք ստեղծող ոլորտներում միջազգային գործընկերների հետ համագործակցելու պատրաստակամությունը։
Քննարկման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի՝ ոչ միայն ծրագրային ապահովման և թվային ծառայությունների, այլև հետազոտությունների և մշակումների, արհեստական բանականության, կիսահաղորդիչների և էլեկտրոնիկայի, կիբեռանվտանգության, առաջադեմ արտադրության և նոր տեխնոլոգիական լուծումների մշակման ուղղություններով գործընկեր լինելու հնարավորություններին։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ամերիկյան ընկերությունների կողմից հետազոտական և ինժեներական գործունեություն ծավալելու, համատեղ մշակումներ իրականացնելու, արտադրական կարողություններ ձևավորելու և միջազգային մատակարարման շղթաներում հայկական ընկերությունների ներգրավման հնարավորություններին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև այն գործոնները, որոնք կարևոր են ամերիկյան ընկերությունների ներդրումային որոշումների համար՝ կարգավորող միջավայրի կանխատեսելիությունը, մտավոր սեփականության պաշտպանությունը, որակյալ մասնագետների հասանելիությունը, ենթակառուցվածքների զարգացումը և միջազգային չափանիշներին համապատասխանությունը։
Ն
ախարարն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ամերիկյան բիզնեսի հետ երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության զարգացմամբ՝ ստեղծելով պայմաններ, որպեսզի ամերիկյան ընկերությունները դիտարկեն Հայաստանը որպես գիտելիքահեն, հետազոտությունների, տեխնոլոգիական մշակումների, ինժեներական գործունեության և արտադրության համար մրցունակ գործընկերային հարթակ։
Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև ԱՄՆ առևտրի պալատի դերակատարությունը՝ Հայաստանի և ամերիկյան գործարար համայնքի միջև ուղիղ կապերի ընդլայնման, ոլորտային քննարկումների կազմակերպման և Հայաստանում ամերիկյան ընկերությունների մասնակցությամբ գործարար առաքելության կամ թեմատիկ հանդիպումների ձևավորման գործում։
ԱՄՆ առևտրի պալատի և ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը կարևոր քայլ է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև մասնավոր հատվածի համագործակցության խորացման, նոր ներդրումային հնարավորությունների բացահայտման և հայկական ընկերությունների միջազգային գործընկերային ցանցերում ներգրավման ուղղությամբ:




























