ԱՐԳԵՆՏԻՆԱՆ ՀԻՄԱ ԿՐԱՍՆՈՅԱ՞ՐՍԿ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Մոսկվայի «Մոնարխ» հյուրանոցում  երեկոյան 19:30-ին սկսվեց եւ 22:30-ին ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Ջո՛ւր պարգեւիր Արցախին» հեռուստամարաթոն 2011-ի եզրափակիչ մասը` ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ ընթրիքով, որի ընթացքում տրվեց շուրջ 18 միլիոն ԱՄՆ դոլար նվիրելու խոստում: Հիմնադրամի կայքի «Ոսկե մատյան» բաժնում գրանցված ռուսաստանցի ամենախոշոր գործարարը` Սամվել Կարապետյանը, Արցախի ջրամատակարարման համար նվիրաբերել է մեկ միլիոն դոլար, չնայած ֆիզիկապես ներկա չի եղել ընթրիքին: Այս մասին «Ժողովուրդ»-ին Մոսկվայից տեղեկացրեց հիմնադրամի նախագահ Արա Վարդանյանը:  Մեր տեղեկություններով՝ Կարապետյանը երկու օր է՝ հիվանդ է:
Նախ ներկայացնենք չորս տարի շարունակ ՌԴ-ում անցկացվող ճաշկերույթի վիճակագրությունը. 2008-ին տրվել է 30 միլիոն դոլարի նվիրատվության խոստում, (հիմնադրամի «Ոսկե մատյան»-ում գրանցված Սամվել Կարապետյանը կրկնապատկել էր նվիրատվությունը), 2009-ին` 5 միլիոն 290 հազար դոլարի, 2010-ին` 11 միլիոն 600 հազար դոլարի: Այս տարի, ինչպես մեզ տեղեկացրեց Արա Վարդանյանը, ամենամեծ դոնորը դարձել է արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանի ներկայացուցիչը` իր 11 միլիոն դոլարի նվիրատվության խոստմամբ, երկրորդ տեղում, ըստ ամենայնի, «Ռեսո գարանտիա» ապահովագրական ընկերության սեփականատեր Սերգեյ Սարկիսովն է` 3 մլն-ի խոստմամբ: Իսկ  նախորդ տարիների մյուս խոշոր բարեգործների թվում են` «Լյուդինգ» ընկերությունից Արմեն Շախազիզյանը, Աշոտ Բաբայանը, Վարդան Վարդանովը, Վալերի Մեժլումյանը:
Այսպիսով, եթե Ռուսաստանի հետ ոչ մի կապ չունեցող արգենտինահայ Էռնեկյանի նվիրաբերած 11 միլիոն դոլարը հանենք, ապա ռուսաստանաբնակ գործարարների նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմում է 7.5 միլիոն դոլար: Նշենք, որ գործող իշխանությունն ամեն ինչ արեց այս ճաշկերույթը կայացնելու եւ հնարավորինս շատ գումար հավաքելու համար, իսկ ռուսական կողմն էլ իր հերթին ամեն ինչ արեց` ծրագիրը ձախողելու համար:
Ռուսաստանից եկող հստակ ազդակներ կային, որ այս անգամ ճաշկերույթին մարդ բերելու աշխատանքներին լծված հայկական դեսպանատանը լուրջ աջակցություն է ցուցաբերել Մոսկվա մեկնած ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, որը  ռուսաստանաբնակ գործարարներին հորդորել է անգամ երկրից բացակայելու, «հիվանդանալու» պայմաններում ճաշկերույթին ներկայացուցիչ ուղարկել եւ նվիրատվություն անել: «Ժողովուրդ»-ն արդեն գրել էր, որ ռուսաստանցի գործարարները չեն ցանկանում գումար տալ, քանի որ չեն տեսնում իրենց ներդրումների արդյունքները: Նրանք գերադասում էին հիվանդանալ, բայց չմասնակցել ճաշկերույթին:
Ռուսաստանցի հայերի «ոչ  հայրենասիրական» տրամադրությունների մասին վկայեց նաեւ ծնունդով արցախցի, ներկայումս Փարիզում բնակվող գործարար Լեւոն Հայրապետյանը, որը նախորդ տարի 2 մլն դոլար էր տվել: Նա ՀՀ իշխանություններին Հայաստանը դատարկելու մեջ մեղադրելուց հետո այս անգամ չմասնակցեց ճաշկերույթին: Ինչ վերաբերում է Էդուարդո Էռնեկյանի անսպասելի շռայլությանը, ապա ենթադրվում է, որ դա արվեց այս միտումները կոտրելու համար: Միայն անհայտ է, թե ով է նրան համոզել այդ գործում:
Իսկ թե ինչու Սերժ Սարգսյանն այս անգամ չմասնակցեց ճաշկերույթին, ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը News.am-ին տված հարցազրույցում այսպես է բացատրել. «Նախորդ տարիների մոսկովյան բարեգործական ճաշերին Հայաստանի նախագահը  մասնակցում էր նորաստեղծ միջոցառման կայացումը խրախուսելու նպատակով, իսկ այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ ՌԴ-ում կազմակերպված «Ջո՛ւր պարգեւիր Արցախին» կարգախոսով երեկոյին մասնակցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը»: Այսինքն՝  Հայաստանն Արցախին է փոխանցում մարաթոնի էստաֆետը:  
Բնականաբար, պաշտոնական պատասխանի  շրջանակներից դուրս պատճառների մասին կարելի է  ենթադրել:  Այն է` որ նրան, մեղմ ասած, վատ ընդունելություն է ցույց տրվել դեկտեմբերի 19-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական ընկերակցության` ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստին եւ ՌԴ կատարած այցի օրակարգում ընդգրկված մյուս միջոցառումների ժամանակ:
Նկատենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի պաշտոնական կայքի ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ նախագահի ինստիտուտը խիստ  կարեւորվում է Հիմնադրամի գործունեության մեջ: Օրինակ` Հայաստանի Հանրապետության նախագահն ամեն տարի շուրջ 10 մրցանակներ է շնորհում տարբեր բնագավառներում առանձնացած անհատների` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ավանդից մինչեւ ֆիզիկա: Եւ դժվար է պատկերացնել, թե ինչու նա իր տեղը զիջեց Բակո Սահակյանին, եթե ամեն ինչ կարգին էր:
Հ. Գ. Երեկ՝ մինչեւ ուշ երեկո, ճաշկերույթի թեմայով լռություն էր: Հավանաբար բացի ՀՀ նախագահի նստավայրից, միջոցառման կազմակերպչից` հիմնադրամից, եւ օժանդակողից` ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից, ոչ ոք չգիտեր` ճաշկերույթը տեղի՞  է ունենալու կամ ունեցե՞լ է, թե՞ ոչ: Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի լրատվական բաժնից  մինչեւ վերջ հրաժարվեցին «Ժողովուրդ»-ին հայտնել ճաշկերույթի  ժամն ու վայրը:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս