Armenian text to speach

Թրամփի, Սի Ծինփինի և Պուտինի խաղաղության հռչակագիրը մեկ օր էլ չտևեց․ Ուկրաինան լայնածավալ հարձակման թիրախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների՝ երեկ կայացած պատմական եռակողմ հանդիպումից և աշխարհում խաղաղության հաստատմանն ուղղված համատեղ հայտարարություններից ընդամենը ժամեր անց Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային։ Այսպիսով, երեք երկրների ղեկավարների խաղաղության ուղերձներից մեկ օր էլ չանցած՝ Ուկրաինան կրկին հայտնվել է ռուսական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարվածների տակ։

CNN-ի փոխանցմամբ՝ ուրբաթ գիշերը ավելի քան վեց ժամ տևած բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով Կիևում առնվազն երեք մարդ է զոհվել, ևս երկու մարդ՝ Լվովում։ Ուկրաինայի պաշտոնյաների տվյալներով՝ վնասվել են մայրաքաղաքի կարևոր ենթակառուցվածքները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ցամաքային, ծովային և օդային տեղակայման բարձր ճշգրտության զենքերով, ինչպես նաև անօդաչու սարքերով «զանգվածային հարված» է հասցրել։ Գերատեսչության պնդմամբ՝ թիրախավորվել են ուկրաինական ռազմական և էներգետիկ օբյեկտները, Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքներն ու Կիևի տրանսպորտային ենթակառուցվածքները։

Հարվածները հաջորդել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Չինաստանից մեկնելուն։ Նա Շենժենում մեկ օր շարունակ հանդիպումներ էր անցկացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Սակայն եռակողմ բանակցությունները որևէ առաջընթաց չեն ապահովել Ուկրաինայում ավելի քան չորս տարի շարունակվող պատերազմի կարգավորման հարցում։

Հանդիպումից առաջ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատասխան կտա Ղրիմը Ռուսաստանին կապող՝ վերջերս Ուկրաինայի հարվածների թիրախ դարձած կամրջի վնասմանը։ Նա նշել էր, որ ռուսական պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի, քան Կիևի գործողությունները։

Վնասվել են Կիևի կամուրջները

Ինչպես ավելի վաղ գրել էինք, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ ռուսական հարվածների հետևանքով վնասվել են Դնեպր գետի վրա գտնվող երեք կամուրջները։ Դրանք մայրաքաղաքի երկու ափերը կապող կարևոր տրանսպորտային հանգույցներ են։

Կլիչկոն հայտնել է, որ Կիևում երեք մարդ է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել։ Նա նշել է, որ արտակարգ իրավիճակների ծառայություններն անում են հնարավոր ամեն ինչ՝ հարվածների հետևանքները հնարավորինս արագ վերացնելու համար։

Էներգետիկ «ԴՏԷԿ» ընկերության տվյալներով՝ Կիևի մի քանի շրջաններ մնացել են առանց էլեկտրամատակարարման։ Ուկրաինայի պետական «Ուկրեներգո» ընկերությունն էլ հայտնել է, որ Լվովի, Անդրկարպատիայի և Իվանո-Ֆրանկովսկի մարզերում սահմանվել են արտակարգ հոսանքազրկումներ՝ երկրի էներգահամակարգում ստեղծված իրավիճակը որակելով «ծայրահեղ ծանր»։

Հատկանշական է, որ Շենժենում կայացած հանդիպման ժամանակ Պուտինը եռակողմ բանակցություններն անվանել էր պատմական՝ նշելով, որ դրանք անցել են «հանգիստ և շատ մտերմիկ մթնոլորտում»։ Նա նաև հայտարարել էր, որ Ռուսաստանը, Չինաստանն ու ԱՄՆ-ն ընդհանուր շահեր ունեն Ուկրաինայի պատերազմը կարգավորելու հարցում։

Սակայն հանդիպումից ժամեր անց Ուկրաինայի ուղղությամբ իրականացված զանգվածային հարվածները ցույց տվեցին, որ երեք երկրների առաջնորդների խաղաղության հայտարարությունները դեռևս չեն վերածվել պատերազմի դադարեցման կոնկրետ քայլերի։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս